Երկրի վրա ապրիլի 16-ին հնարավոր են երկրորդ մակարդակի մագնիսական փոթորիկներ՝ երկու արեգակնային հրավիժակների (պրոտուբերանեց) արտազատման հետևանքով։
Ինչպես նշված է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Սիբիրյան բաժանմունքի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքում, արտազատումները գրանցվել են Արեգակի այն կողմից, որը տվյալ պահին ուղղված է եղել Երկրին։
Մասնագետների հաշվարկներով՝ այդ ընթացքում արտազատված արեգակնային նյութը պետք է հասած լինի Երկիր՝ ապրիլի 15-ի գիշերը՝ մոսկովյան ժամանակով մոտավորապես 22:00-ին։ Ըստ գիտնականների՝ դա էլ հենց կարող է դառնալ սպասվող մագնիսական փոթորիկների պատճառը։
Այս պահին Երկրի մագնիսական դաշտի խանգարման ուժի վերաբերյալ հստակ կանխատեսում չկա։ Գիտնականները դա բացատրել են Երկրի ուղղությամբ շարժվող պլազմանման ամպի բարդ կառուցվածքով։ Սակայն արդեն հայտնի է, որ գեոմագնիսական խանգարումը կտևի մոտ մեկ օր՝ իր գագաթնակետին հասնելով ապրիլի 16-ի երկրորդ կեսին։
Ավելի վաղ գիտնականները նշել էին, որ ապրիլին սպասվում են հաճախակի մագնիսական փոթորիկներ, ինչի հետևանքով առաջիկա շաբաթները դժվարին կարող են լինել մթնոլորտային փոփոխությունների հանդեպ զգայուն մարդկանց համար։