16 ապրիլի 2025 - 11:26 AMT
ՔՊ-ն Գյումրու Ավագանու նիստին չի մասնակցում․ Ըստ Մինասյանի նոր, արտահերթ ընտրություններ են պետք

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ որ կուսակցությունը չի մասնակցելու քաղաքի նորընտիր Ավագանու առաջին նիստին և նշել, որ պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ըստ նրա՝ Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:

«Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու:

Գյումրու ապագայով մտահոգ ավագանու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը և չստվերել Գյումրու ապագան:

Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է:

Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից: Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու, որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից:

Հանուն Գյումրու և գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների»,–ասվում է գրառման մեջ։

Քաղաքապետի ընտրության գործընթացն աչքի է ընկել զգացմունքային ելույթներով ու քաղաքական փոխհամաձայնությամբ։

Մինչդեռ Ավագանու նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանն ընդգծել է, որ իրենք որոշում են կայացրել քաղաքապետի թեկնածու չառաջադրել և նշել է, որ, ինչպես նախապես են հայտարարել, իրենց ձայնը տալու են այն ընդդիմադիրին, որը կհավաքի առավելագույն քվե, հայտնում է Panorama.am-ը։

«Շնորհակալություն գյումրեցիներին, որ ցույց տվեցին, Գյումրին մերժումէ վատ կառավարումը՝ հետևաբար «Քաղաքացիական պայմանագիրին»,-ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքին արձագանքել է նիստը վարող Վարդան Ղուկասյանը՝ բացականչելով.

«Ջա՛ն»,- ինչին դահլիճն արձագանքել է ծափողջյուններով։

«Իմ հզոր համայնք» խմբակցությունից Ռուբեն Մխիթարյանն իր հերթին հայտնել է, որ իրենք ևս թեկնածու չեն առաջադրելու՝ հավատարիմ մնալով մարտի 31-ին արված իրենց հայտարարությանը՝ առաջնորդվելով քաղաքի շահերով։

«Այո, ինչպես նշեց Վարդան Ղուկասյանը, Գյումրին համայնք չէ, քաղաք է»,-ասել է Մխիթարյանը։

Ղուկասյանը նրան պատասխանել է՝ «Ապրե՛ք»։

Մխիթարյանը հավելել է, որ իրենց ծրագրերն ու առաջարկները պատրաստ են ներկայացնելու ապագա քաղաքապետին՝ դրանք համատեղ իրականացնելու նպատակով։ Նա նաև նշել է, որ եթե դրանք չընդունվեն, միևնույն է, շարունակելու են աշխատանքն ավագանիում՝ առաջնորդվելով քաղաքի բարգավաճման նպատակով։

Նիստի ընթացքում Ղուկասյանը նախ հայտարարել է «Կոմունիստական» կուսակցության անունը, ապա ուղղել է՝ նկատելով, որ խոսքը «Մեր քաղաքը» խմբակցության մասին է։

«Ես գիտեի՝ չեմ մեծացել, բայց փաստորեն մեծացել եմ»,-ասել է նա։

«Մեր քաղաքը» խմբակցության անդամ Լիզա Գասպարյանը ևս նշել է, որ իրենք չեն առաջադրի թեկնածու, բայց իրենց աջակցությունն են հայտնելու ընդդիմության միավորված թեկնածուին։

Ի վերջո, Կոմունիստական կուսակցությունն առաջադրել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը։ Հաշվիչ հանձնաժողովը ձևավորվել է, իսկ Ղուկասյանն ամբիոնին մոտենալով ասել է՝ «Փառք երկնային տիրոջը, քանի որ շատ համերաշխ ընտրություն կատարվեց»։

Նա նաև նշել է. «Ինչքան էլ ուզեցան խառնել, չստացվեց»՝ հավելելով, որ իրենք գործելու են հանուն քաղաքի, պատրաստ են լսել բոլոր կողմերին ու քննարկել բոլոր առաջարկները։

Ըստ նախնական ընտրական արդյունքների՝ Գյումրիում առավելագույն ձայներ ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսն արդեն հայտարարել են, որ սատարելու են ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը, որն ինքնաբացարկ է հայտնել, ասել էր անհրաժեշտ քանակությամբ քվե կապահովի, որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի Գյումրու քաղաքապետ»։