«Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը Գյումրու ավագանու առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց նպատակը եղել է «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելը։
«Ես չէի ուզում ուրախանար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որ մենք մտորում ենք, մտածում ենք, միանգամից հարցը փակել եմ»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Հարցին, թե արդյոք այլ թեկնածության առաջադրման տարբերակ դիտարկե՞լ են, Սիմոնյանն արձագանքել է, որ քաղաքական գործընթացներն ունեն իրենց կանոնները։
«Քաղաքականությունն ունի իր կանոնները։ Առավելագույն ձայն ստացած ուժին եթե չես սատարում, ինքն էլ չի քվեարկելու ավելի քիչ ձայն հավաքած ուժի օգտին և գալու ենք նույն բանին՝ վիժեցնելու ենք համախմբումն ընդդիմադիր դաշտում, որն անցանկալի է։ Մեր նպատակը եղել է «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելը»,–ասել է նա։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր դաշտում հենց սկզբից ընդհանուր մոտեցում է եղել, որ որևէ համագործակցություն ՔՊ-ի հետ չի լինելու։ Սիմոնյանը նաև շեշտել է, որ ընտրությունների արդյունքները պետք է հարգել ու առաջնորդվել գյումրեցու քվեի տրամաբանությամբ։
«Պետք է հարգել գյումրեցու քվեն»,- ասել է նա։
Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։