Ազգային ժողովում քննարկումների ժամանակ, որոնք վերաբերում են 2021-2026 թվականների կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքին ու արդյունքներին, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների թիվը վերջին երեք տարում եռապատկվել են:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին երեք տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը։ Սա բավականին դրական ցուցանիշ է»,-նշել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը։
Սարգսյանն ընդգծել է, որ գործընթացի ինտենսիվացումը պահանջել է տեխնոլոգիական բարեփոխումների իրականացում, որպեսզի քաղաքացիների դիմումները հնարավոր լինի ընդունել ժամանակակից ձևաչափով։
«Սրան զուգահեռ խնդիր ենք ունեցել հասկանալ, թե ինչպես կարելի է ամբողջությամբ թվայնացնել այս գործընթացը։ 2024-2025 թվականների կտրվածքով արդեն ընդունվել է քաղաքացիության ոլորտի փոփոխությունների հսկայածավալ փաթեթ, որը մեզ թույլ կտա դիմումների ընդունումն ամբողջովին իրականացնել թվային հարթակում, ապահովել անհրաժեշտ ստուգումները և գործը կազմակերպել առավել արդյունավետ ձևով»,-ասել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունների փաթեթը միտված է ոչ միայն ընթացակարգերի պարզեցմանը, այլև քաղաքացիության տրամադրման գործընթացի որակական բարելավմանը՝ դարձնելով այն առավել արագ և թափանցիկ։