Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք տեղական արտադրողները կարող են ձուկ արտահանել Եվրոպական միություն միայն հայկական հավաստագրումով՝ առանց լրացուցիչ եվրոպական հաստատման։
Ավելի վաղ տեսչական մարմինը հայտնել էր, որ ԵՄ-ն տվել է իր համաձայնությունը՝ Հայաստանից ձկան ներմուծում կատարելու համար այն արտադրողներից, որոնք գրանցվում են Եվրամիության TRACES տվյալների բազայում։ Այս համակարգը նախատեսված է կենդանական ծագման արտադրանքի վերահսկման նպատակով։
Տեսչությունը նշել են, որ դիմել է եվրոպական գործընկերներին՝ հստակեցնելու համար, արդյոք TRACES-ում գրանցված արտահանողների պարագայում հայկական հավաստագրումն արդեն բավարար կլինի ապրանքը մատակարարելու համար՝ առանց եվրոպական լրացուցիչ հավաստագրման, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ինչ վերաբերում է ԵՄ տեսչական ծառայությունների այցելություններին հայկական ձկնաբուծարաններ, տեսչական մարմինը պարզաբանել է, որ նման այցեր հնարավոր են միայն այն դեպքում, երբ ԵՄ մարմինները նախապես դիմեն հայկական կողմին՝ ներկայացնելով այցի նպատակը և քննարկվելիք հարցերի շրջանակը։
Չնայած հիմնական վերահսկողական գործառույթները պետք է իրականացնի հենց հայկական տեսչությունը, ԵՄ չափանիշների համաձայն՝ արտահանման իրավունք ստանալու համար ընկերությունները պարտավոր են հայտ ներկայացնել և գրանցվել TRACES հարթակում։ Միաժամանակ, պահանջվում է, որ ձկների կերը չպարունակի հակաբիոտիկներ կամ հորմոնալ նյութեր։
Նախկինում Հայաստանից ձկնամթերք ԵՄ երկրներ չի արտահանվել, թեև այդ սահմանափակումը չի տարածվել խեցգետնի վրա, որն արդեն երկար տարիներ առաքվում է Եվրոպա։ Այնուամենայնիվ, հայկական ձկնամթերքի գլխավոր սպառման շուկան ԵԱՏՄ-ն է։
2024 թվականի առաջին կիսամյակում խեցգետնի արտահանման ծավալը փոքր-ինչ գերազանցել է 1.9 մլն դոլարը, որից 1.33 մլն-ը բաժին է հասել ԵԱՏՄ երկրներին, հատկապես Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ, ԵՄ արտահանումը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 20%-ով, մինչդեռ ԵԱՏՄ արտահանումը աճել է 75%-ով։ Այսպիսով, հայկական ձկան հիմնական շուկան շարունակում են կազմել Ռուսաստանը և ԵԱՏՄ մյուս երկրները։