28 մայիսի 2009 - 17:14 AMT
Բոլոր հայերի երազանքն ուժեղ եւ բարգավաճ հայրենիքն է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է մեր հայրենակիցներին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: ԼՂՀ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Այս օրը ողջ հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի, սփյուռքի բոլոր հայերի համար տոն է: Մենք բոլորս պարտավոր ենք հիշել այդ տոնի խորհուրդը: Դա մեր ժողովրդի միասնության եւ հավաքական կամքի հաղթանակի տոնն է: Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական դասերի շնորհիվ է նաեւ, որ այսօր ապրում եւ արարում ենք ազատ եւ անկախ հողում, ունենք շենացող եւ զարգացող Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մենք պետք է գիտակցենք այդ հաղթանակների արժեքը եւ պահպանենք այն աչքի լույսի պես: Պահպանենք ու համատեղ ուժերով կառուցենք մեր երկիրը, ջանք ու եռանդ չխնայենք հայոց պետականության ամրապնդման համար եւ սերունդներին թողնենք հզոր ու բարգավաճ հայրենիք` բոլոր հայերի երազանքը»: