16 ապրիլի 2025 - 14:08 AMT
Փաշինյան․ Սահմանազատման առաջարկներ ենք ուղարկվել Ադրբեջանին, դեռ պատասխան չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը գրավոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին՝ սահմանազատման գործընթացի շարունակման վերաբերյալ, սակայն դեռ արձագանք չի ստացվել։ Նա այդ մասին խոսել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Նրա խոսքով, առաջարկներն այն մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակվի սահմանազատումը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Գիտեք՝ ընդհանուր համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ, հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնել։ Մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ առաջարկների մանրամասները ներկայումս հնարավոր չէ հրապարակել, քանի որ գործընթացը դեռ ընթանում է աշխատանքային փուլում։

Հայկական կողմը հույս ունի, որ շուտով կստանա Ադրբեջանի պատասխանը։

Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստի ժամանակ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի վերաբերյալ։ Ըստ այդ պայմանավորվածության՝ սահմանագծման աշխատանքները պետք է սկսվեն հյուսիսից՝ այն կետից, որտեղ հատվում են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանները, և շարունակվեն դեպի հարավ՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։