«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ՀՀ երորրդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի որոշակի արձագանքներին, ասել է, որ ինքը «զռռոցները» չի մեկնաբանում։
«Ես զռռոցները չեմ մեկնաբանում և չեմ անդրադառնում դրանց»,–ասել է նա, գրում է Aysor.am-ը։
«Այն, ինչ ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, մեկտեղում և ամփոփում է Հանրապետականի 35-ամյա, մասնավորապես, վերջին 7 տարիների ընդդիմադիր գործունեությունը: Նշված բոլոր 3 առաջնահերթություններն իրատեսական են՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ներուժը, դրանք հնարավոր են: Իսկ դրա համար անհրաժեշտ է իշխանափոխություն:
Երեկ որոշակի մեկնաբանություններ եղան, որը, կարծես, ՔՊ-ի քարոզչական գիծն է․ հետևյալն է՝ ՀՀ-ին բազմիցս փորձել են քաշել պատերազմի մեջ և վերջին փորձը եղել է Արցախի հայաթափումը: Այդ նույն տրամաբանությամբ, Աստված մի արասցե, եթե հարձակվեն Գեղարքունիքի կամ Սյունիքի վրա, այդպես խրոխտ դեմքով կանգնելո՞ւ են և ասեն, որ ՀՀ-ին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, իսկ իրենք չեն ներքաշվելու դրա մեջ»,–նշել է Մամիջանյանը։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն, անդրադառնալով երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որը 2018թ. իրադարձությունների մասին խոսելիս ասել էր, թե «ժողովուրդը նախրի մեջից էշի ճակատն է համբուրել»`ասել է, որ գայթակղությունը մեծ է՝ էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու: