16 ապրիլի 2025 - 15:10 AMT
Ղուկասյան. Եթե շատ մարդիկ ասեն՝ այո, կառաջադրվեմ 2026–ին

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Ավագանու մյուս խմբակցությունների հետ՝ քննարկելու համատեղ ծրագրերը, որոնց շուրջ համաձայնության գալուց հետո, կանցնեն դրանց կյանքի կոչմանը։

Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է, որ նա 2026-ին առաջադրվի վարչապետի պաշտոնի համար, Ղուկասյանը պատասխանել է. «Եթե շատ մարդիկ, ում չի ընտրում ժողովուրդը կանչեն ու ասեն, այո, մենք գտնում ենք, որ դու պետք է ստանձնես այդ պարտականությունը և իմ կողքին կանգնեն, ապա՝ այո», հայտնում է «Փաստինֆոն»։

Ղուկասյանը հաստատել է, որ նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն է հրավիրելու քննարկումներին։

«Եթե չգան՝ մենք մեր գործը կանենք։ Բայց ես կարծում եմ, որ ՔՊ-ն էլ պետք է մասնակցի նիստերին, որովհետև մեր քաղաքի՝ բոլորիս համար է։ Իրենք ինչ քայլ էլ անեն՝ Ղուկասյան Վարդանին չեն անելու, քաղաքի բնակիչներին են անելու»,–ասել է նա։

Լրագրողի հարցին, թե շնորհակալություն հայտնե՞լ է Մարտուն Գրիգորյանին՝ իրեն քաղաքապետ դարձնելու համար, Ղուկասյանը պատասխանել է, որ նրա հետ որևէ թշնամական հարաբերություն չունի և նրանց միջև կա դրացիական փոխհասկացողություն։

Ճշգրտմանը, թե արդյոք յուրաքանչյուր որոշման համար նա պետք է դիմի Մարտուն Գրիգորյանին՝ Ղուկասյանը արձագանքել է. «Ես ոչ մեկի դուռը չեմ գնա, ապրելու եմ այնպես, ինչպես բոլոր ընդդիմադիր քաղաքապետերը։ Միայն Սրբի դուռ եմ գնում։ Համերաշխությունն իմ զենքն է”,–ասել է նա։

Ղուկասյանը հավելել է, որ, եթե մարդիկ առաջնորդվեն ոչ թե քաղաքական պատվերներով, այլ քաղաքի շահով, ապա այդ մարդիկ կմասնացեն որոշումների կայացմանը։

«Օրինակ, աշխատավարձերը բարձրացնելու հարցը դնելու և գտնելու ենք դրա լուծման ուղիները։ Ես գիտեմ, թե ինչ սկզբունքով ենք անելու և բյուջեն որտեղից պետք է ավելացնենք»,–ասել է նա։

Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։