Երևանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Մինսկի խմբի գործունեության դադարեցմանը, եթե կարգավորման գործընթացն ավարտվի խաղաղության պայմանագրով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Մինսկի խումբը լուծարելու հայտարարությունները։
«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այլևս անհրաժեշտություն չի լինի ունենալ միջազգային մի ձևաչափ, որը կոչված է զբաղվելու այդ հակամարտությամբ,»,– ասել է Միրզոյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում Մինսկի խմբի գոյությունը, իրոք, որևէ հավելյալ արժեք չի ունենա, և հակառակը՝ կարգավորված հակամարտության պայմաններում կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ։
«Մենք կողմ ենք և բաց ենք այդ լուծարման գործընթացին։ Պարզապես կարծում ենք, որ այդ երկու փաստաթղթերը՝ խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը Մինսկի խմբի լուծարման նախաձեռնության վերաբերյալ, կարող են ստորագրվել նույն օրը»,- ասել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումը միաժամանակ ստորագրելու առաջարկը հնչեցրել է Անթալիայի դիվանագիտական համաժողովում։