16 ապրիլի 2025 - 15:39 AMT
Նախարար․ ՀՀ–ն ԵՄ Խաղաղության հիմնադրամից 20 մլն եվրո է ստանալու, հուսանք՝ դրական ավարտ կունենա

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԵՄ Խաղաղության հիմնադրամի միջոցներից Հայաստանին այս տարի հատկացվելու է 20 միլիոն եվրո։

«Անցած տարի եղել է 10 մլն, այս տարի այդ գումարը մի փոքր ավելի է։ Ասելով մի քիչ ավելի՝ կրկնակի»,- ասել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Մինչդեռ որոշ լրատվամիջոցների համաձայն՝ աջակցության հատկացումն արգելափակում է Հունգարիան՝ պահանջելով ծրագրում ներառել նաև Ադրբեջանին:

Պատասխանելով արգելափակմանը վերաբերող հարցին` Միրզոյանն ասել է, որ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Նա հույս է հայտնել, որ ապագայում դրական լուծում կլինի։

«Հույս ունենք ապագայում դրական հանգուցալուծում կլինի»,- ասել է նախարարը։

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնն իր հերթին նշել է, որ իրենք աջակցել են ՀՀ զինված ուժերի աջակցությունն առանձնացնելու առաջարկին: Նա հավելեց՝ դրա համար անհրաժեշտ է միաձայն որոշում։

2024 թվականի հուլիսին ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրոյի օգնություն է հատկացրել գումարտակի համար նախատեսված վրանային ճամբարի համար։ Անցյալ տարի Հունգարիան նույնպես արգելափակել էր Հայաստանին միջոցների տրամադրումը և հանել էր վետոն՝ պայմանով, որ Ադրբեջանին նմանատիպ գումար ուղարկվի ականազերծման գործողություններին աջակցելու համար։