16 ապրիլի 2025 - 16:19 AMT
Կին ծառայողների համար սահմանվել են պարտադիր քվոտաներ՝ 30 %

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում հայտնել է, որ կանանց ընդգրկման ապահովման համար հաստիքների 30 տոկոսը նախատեսվել է բացառապես կին դիմորդների համար։

«Ցանկացած ընդունելություն, որ մենք դիտարկում ենք, հետայսու, նաև դրանից առաջ էլ քվոտաներ ենք հատկացրել նաև կին ծառայողների համար, որպեսզի հատկացված տեղերի 30 տոկոսը անպայման լինի նախատեսված կին դիմորդների համար»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Այս մասին Սարգսյանն ասել է խորհրդարանական քննարկումների ընթացքում, որոնք վերաբերել են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքին ու արդյունքներին՝ անդրադառնալով հատկապես կանանց ներգրավվածության թեմային պարեկային ծառայությունում։

«Ճիշտ է, պրակտիկայում որոշակի շեղումներ ունենում ենք, 30 տոկոսը չի համալրվում կանանցով, հետևաբար, որոշակի տոկոսայնություն կրկին տրամադրվում է տղամարդ դիմորդներին։ Բայց այսուհետ որոշել ենք այլևս չանել այդ զիջումը, որովհետև թափուր հաստիքները պիտի համալրեն հենց կին ծառայողները, որպեսզի սեռերի հավասար ներկայացվածության կոմպոնենտը կարողանանք հետևողականորեն իրականացնել, այլ ոչ թե անընդհատ գնանք հաստիք ավելացնելու ճանապարհով»,- ասել է Սարգսյանը։

Սարգսյանը նշել է, որ արդեն իրականացվել են երկու նպատակային ընդունելության գործընթացներ, որոնց արդյունքում ամբողջ երկրում առնվազն մեկ կին ծառայող կա յուրաքանչյուր մարզում։

«Ունեինք խնդիր Վայոց ձորի մարզում, բայց վերջին ընդունելության շրջանակներում արդեն համալրում ունեցել ենք: Հաշվի առնելով նաև կարծրատիպերը՝ նաև կադրային տեղափոխությունների հետ խնդիրների ենք բախվում, որ շատ հաճախ ծառայության են անցնում, հետո փոխում են, բայց կարիք կա շարունակելու աշխատանքը»,- խոսքը եզրափակել է ՆԳ նախարարը: