16 ապրիլի 2025 - 17:04 AMT
Կավելաշվիլի․ Վրաստանը միշտ եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ակտիվ կողմնակիցը

Այցով Բաքվում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վրաստանը միշտ եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ակտիվ կողմնակիցը, հայտնում է APA-ն։

«Վրաստանն ու Ադրբեջանը վճռականորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել պարոն նախագահին դրա համար»,–նշել է Կավելաշվիլին։

Նա նաև ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայանգրի տեքստի համաձայնեցումը։

«Հավատում ենք, որ խաղաղ համաձայնագիրը մոտ ժամանակներում կստորագրվի։ Կրկին հայտարարում եմ Վրաստանի պատրաստակամության մասին՝ իր ներդրումն ունենալու խաղաղ գործընթացում», -ընդգծել է Վրաստանի նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: