ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծիք է հայտնել, թե ընդդիմությունը, քաղաքապետ ընտրելով Վարդան Ղուկասյանին, Գյումրիին այս գարնանը պարգևել է խմբակային բռնաբարությունների, սպանությունների ու քրեական գործերի յուրատեսակ բուկետ։
«Այդ բուկետը նվիրելու ճանապարհին անցաք ամեն հնարավորի վրայով»,- ասել է նա, գրում է Auroranews.am-ը։
Նա դիմել է նաև ընդդիմադիր կին պատգամավորներին՝ հորդորելով առանց վախի այցելել Գյումրի՝ ընտրության արդյունքների հանդեպ իր գնահատականը ներկայացնելու ենթատեքստով։
«Սիրելի ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք գնալ Գյումրի, կարող եք Գյումրիում շրջազգեստ հագնել, ի ուրախություն ձեզ՝ ՔՊ-ն Հայաստանում իշխանություն է ու ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը կսանձվեն պետության բոլոր լծակներով»,- հայտարարել է նա։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելել է․ «Ասեմ ավելին՝ Դաշնակցության տղամարդ ներկայացուցիչներն էլ կարող են հանգիստ զուգարան գնալ»:
Ավելի վաղ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Աղջիկները կթողե՞ն մեղք չգործեմ, գեղեցիկ հագած, ոտքերը բաց, տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում»: