16 ապրիլի 2025 - 18:30 AMT
Փոխվարչապետ, Գույքագրելու ենք Դեբեդի վարարման դեպքում վթարավտանգ տեղամասերը

Դեբեդ գետի հնարավոր վարարման պայմաններում վթարավտանգ հատվածների գույքագրման ուղղությամբ աշխատանքներ են մեկնարկել։ Այդ մասին ԱԺ–ում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին:

Նա նշել է, որ նախագծերը հիմնականում վերջնականացված են, հայտնում է 1lurer.am-ը։

Մենք ՏԿԵՆ-ի հետ նախնական աշխատանքներ ենք տանում՝ գույքագրելու համար այն տեղամասերը, որոնք Դեբեդ գետի վարարման դեպքում կարող են վթարավտանգ լինել:

Նախագծերը հիմնականում վերջնականացված են, բերված են այն տեսքի, որ թույլ է տալիս կառավարության առաջիկա նիստրից մեկում կարգավորել նաև ֆինանսավորման հարցը: Հուսով եմ, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կտանք լուծում հարցին նաև այս մասով: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, նախագծման և որոշակի նախապատրաստական աշխատանքների շրջան ենք անցնում, կկարգավորենք»,- նշել է փոխվարչապետը:

2024–ի մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով 4 զոհ է եղել, որոշ բնակավայրերի հետ կապը կտրվել էր։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։