«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Ստեղծենք միասին» նախաձեռնության մեկնարկի մասին, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի երրորդ փուլն է։ Այս նախաձեռնությունը միտված է նորաստեղծ ընտանիքներին խրախուսել ձեռնարկատիրական ոլորտում՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն՝ իրենց սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։
Հիմնադրամը հայտնել է, որ ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ կայացած ընտանիքներից ստացվող աջակցությունը կարող է խորքային ազդեցություն ունենալ նորաստեղծ ընտանիքների վրա՝ ձևավորելով փոխօգնության և բարեգործության նոր մտածողություն։
«Հաջողակից՝ սկսնակին» նախաձեռնությամբ հիմնադրամը դառնում է օղակ այն մարդկանց միջև, ովքեր արդեն հաջողություն են գրանցել տարբեր ոլորտներում, և նրանց, ովքեր նոր են սկսել իրենց ուղին։ Այն աջակցում է գործընթացին՝ ապահովելով, որ բարեգործությունը լինի նպատակային ու տեղին, իսկ դրա արդյունքը՝ հասարակական արժեքի ստեղծում։
Նախագծի օգտին միջոցներ հավաքելու նպատակով մայիսի 28-ին, ժամը 18:00-ին, «Հայրիկ» ռեստորանում նախատեսված է բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողություն ունեցած ընտանիքները՝ ձեռք բերելով տոմսեր հետևյալ արժեքներով՝
մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ
երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ
երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ
չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ
Տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ծրագրով ընտրված նորաստեղծ ընտանիքներին, որոնք հաղթահարելով մրցութային փուլերը՝ հնարավորություն կունենան հիմնելու կամ զարգացնելու սեփական բիզնեսները։