17 ապրիլի 2025 - 10:22 AMT
ՍԴ. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը

Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ գործով, որը նախաձեռնել են խորհրդարանական պատգամավորների առնվազն հինգերորդը։

ՍԴ որոշմամաբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։

Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նշվում է, որ գործը քննվել է գրավոր ընթացակարգով։ Ապրիլի 16-ին ընդունված որոշումն ընդգրկվել է դատարանի պաշտոնական կայքում հրապարակման համար սահմանված ընթացակարգով ու ժամկետներով։

«... Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշել է .

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնն ստանձնելու պահից հետո։

2. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։

3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,–ասվում է դատարանի որոշման մեջ։

Այսպիսով, ՍԴ-ն հաստատել է օրենքի մի շարք դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը՝ մատնանշելով նաև, թե ինչ իրավական մեկնաբանություններով է դա հնարավոր։

2022թ. հուլիսի 8-ին ՍԴ–ն աշխատակարգային որոշում էր կայացրել՝ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով: հանձնաժողովի պատասխանը ոչ միանշանակ դրական էր, ոչ՝ բացասական։