OpenAI-ը սկսել է մշակել նոր սոցիալական հարթակ, որը կառուցված է X-ի (նախկինում՝ Twitter) սկզբունքով, հայտնել է նախագծին ծանոթ աղբյուրը։
Այժմ արդեն գոյություն ունի հարթակի նախնական տարբերակը, որի առանցքային բաղադրիչը պատկերների գեներացիան է ChatGPT-ի միջոցով։
Ըստ աղբյուրների՝ OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը արդեն ոչ պաշտոնական արձագանքներ է ստացել տարբեր անձանցից։ Այս պահին հայտնի չէ՝ արդյոք նախագիծը կլինի առանձին հավելված, թե պարզապես կներառվի ChatGPT-ում։ OpenAI-ի մամուլի խոսնակը առայժմ մեկնաբանություն չի տրամադրել, գրում է itc.ua-ն։
Եթե այս հարթակը իսկապես գործարկվի, ապա ոլորտում մրցակցությունը էլ ավելի կսրվի։ Վերջին տարիներին Ալթմանն ու Մասկը ակտիվ մրցակցության մեջ են արհեստական բանականության ոլորտում, և այժմ կարող է ավելանալ նաև պայքար սոցիալական հարթակների ոլորտում։ Փետրվարին Մասկը փորձել է գնել OpenAI-ը 97․4 միլիարդ դոլարով։ Ի պատասխան՝ Ալթմանը կատակել է, թե կարող է գնել նրա X հարթակը 9․74 միլիարդով։
Երկրորդ խոշոր խաղացողը՝ Meta-ն, նույնպես հետ չի մնում։ Ըստ աղբյուրների՝ ընկերությունը նախատեսում է սոցիալական լրահոսը համալրելիր արհեստական բանականության օգնականի առանձին հավելվածում, որի մշակման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Երբ այս մասին առաջին անգամ խոսակցություններ հայտնվեցին, Ալթմանը ակնարկել էր իր սեփական հարթակի գաղափարի մասին։
Սոցցանց ստեղծելու շարժառիթներից մեկը միայն ազդեցություն կամ հանրաճանաչություն ձեռք բերելը չէ։ Ըստ աղբյուրների՝ նախագիծը նաև հնարավորություն կտա մոդելների վարժեցման համար նոր տեսակի տվյալների հասանելիություն ապահովել։ Ի տարբերություն OpenAI-ի՝ X-ն (Grok-ի միջոցով) և Meta-ն արդեն իսկ ունեն անմիջական մուտք՝ օգտագործողների թարմ բովանդակությանը։ Դա համարվում է հիմնական բաղադրիչ, որը թույլ է տալիս կառուցել ավելի ադապտացվող արհեստական բանականություն։
Կտեսնե՞նք արդյոք երբևէ այս հարթակի պաշտոնական թողարկումը՝ դեռևս անհայտ է։ Բայց ակնհայտ է, որ OpenAI-ն ակտիվորեն փնտրում է մասշտաբավորվելու եղանակներ՝ մոդելներից դուրս՝ սեփական էկոհամակարգի ստեղծման ճանապարհով։ Միաժամանակ, ընկերության հաջողությունը դժվար է անտեսել՝ ChatGPT-ն արդեն ունի 20 միլիոն վճարովի օգտատեր։ Բացի այդ, մշակողները պարբերաբար ներկայացրել են նոր մոդելներ, ներառյալ IT ոլորտի համար նախատեսված հատուկ տարբերակներ և կատարելագործված պատկերների գեներատորներ, որոնք կարող են ստեղծել առավել իրատեսական պատկերներ։ Օրինակ, այժմ ChatGPT-ն կարող է արտադրել կեղծ ստացականներ՝ արտասովոր հավաստիությամբ։