17 ապրիլի 2025 - 12:50 AMT
Միրզոյան․ Վաշինգտոնի կողմից նկատվում է հետաքրքրություն ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հանդեպ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք որևէ համագործակցություն եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, ասել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, հայտնում է 1lurer.am-ը։

Նա ընդգծել է, որ ունեն շփումներ՝ ԱՄՆ նոր վարչակազմը ողջունել է կողմերի հայտարարությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության վերաբերյալ։

«Կարող եմ նաև ասել, որ նոր վարչակազմի կողմից նկատվում է հետաքրքրություն՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Մենք տեսնում ենք այդ ազդակները։ Եվ եթե դա ունենա դրական ներդրում, ապա՝ ինչո՞ւ ոչ»,- նշել է Միրզոյանը։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։