Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում պատմել է Գյումրի այցի մասին, կապված ՏԻՄ ընտրությունների հետ, և նշել է, որ այցելել է «տատիկների գործով» անցնող Կիմա տատիկին՝ լսելու վերջինիս պատմությունն ու պարզելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, հայտնում է Panorama.am-ը։
««Տատիկների գործը» հատուկ կարված է ՔՊ-ի կողմից։ Կիմա տատիկի հետ զրույցից, որին ընկերոջս հետ էինք այցելել, նոր մանրամասները շատ, շատ ամոթալի, էլի, չգիտեմ ուրիշ ինչ բառ օգտագործեմ։ Նիկոլը հիմա էլ ստիպված, դեմքը չկորցնելու համար, տատիկներին է քրեական հետապնդման ենթարկում, մի բանի համար, որը ուղիղ եթերով անում էր իրենց թեկնածու Սարիկը՝ նույնիսկ խոստանում էր առոք- փառոք հուղարկավորել, տատիկի թաղումը կազմակերպել։
Ուրեմն սա հանցակազմ չի, բայց ջրագիծ քաշելու, ինչպես նշված է մեղադրանքի մեջ, խոստման ընդունումը համարում են ընտրակաշառք։ Սա է ամբողջ պատմությունը։ Փորձեցին 2 օր իրենց լրատվականներով «ընտրակաշառք, ընտրակաշառք» ասել, բայց հետո հասկացան, որ խոսքը չի աշխատի։ Նախ՝ հակազդեցություն եղավ մեր կողմից, հետո էլ՝ դու չես կարող ճշմարտությունը թաքցնել, էլ չեմ ասում հարցի բարոյական կողմը, որն այստեղ շատ կարևոր է»,- ասել է Մելիքյանը։
Նա հավելել է, որ Կիմա տատիկին աջակցություն է ցուցաբերվել նաև Սամվել Վարդյանի հանգանակած միջոցներից։
Իրավապաշտպանի խոսքով՝ տատիկների գործով ամեն բան արված է, որպեսզի նախապատրաստվի բողոքի լայն ակցիա։ Նա հույս է հայտնել, որ վարչական դատարանը մոտ օրերս կվերացնի կիրառված սահմանափակումը։
«Հույս ունենք, որ վարչական դատարանը ոտքի բռասլետը կվերացնի»,–ասել է նա։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գյումրիում ընտրակաշառք տալու և ստանալու նոր դրսևորումներ։ Նշվում էր, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մասնակցած կուսակցությունների դաշինքի 71-ամյա թեկնածու կինն ընտրակաշառք է առաջարկել 75-ամյա մի բնակչի՝ դաշինքի օգտին քվեարկող քաղաքացիների ներգրավման պայմանով։ Այդ քաղաքացին դիմել է իր ծանոթներին ու հարազատներին՝ նրանց առաջարկելով մասնակցել ընտրություններին ու քվեարկել նշված դաշինքի օգտին։ Ստացված տվյալներն էլ փոխանցել է թեկնածուին։