17 ապրիլի 2025 - 13:51 AMT
Reuters. Հնդկաստանը 2022-2024 թթ․ վաճառել է ՀՀ ներմուծված զենքի 43%-ը

Հնդկաստանի իշխանությունները նախատեսել են զգալիորեն ավելացնել ռազմական կցորդների քանակն իրենց դեսպանատներում՝ որպես մաս այն ռազմավարական ծրագրի, որի նպատակն է պետության կողմից ուղղակի բանակցություններ վարել զենքի որոշ գործարքների շուրջ։ Ինչպես հաղորդում է The Business Standard-ը՝ վկայակոչելով Reuters-ին, այդ նոր մոտեցմամբ Հնդկաստանը դիտարկում է այն կառավարություններին, որոնք ավանդաբար զինվել են Ռուսաստանի միջոցով։

Լրատվամիջոցը հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ նշելով, որ այս նոր ծրագրի հաջողված օրինակներից է հենց Հայաստանի հետ համագործակցությունը։ Հնդկաստանն անցած տարի Երևան է ուղարկել իր առաջին ռազմական կցորդին, գրում է Factor.am-ը։

«Հնդկաստանն արդեն իսկ խաթարել է Ռուսաստանի մենաշնորհը Հայաստանին զինելու հարցում, որը Խորհրդային Միության մաս էր կազմում, բայց հայտարարել է, որ չի կարող հույսը դնել Մոսկվայի վրա։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալների համաձայն՝ Հնդկաստանը վաճառել է 2022-2024 թվականներին Հայաստան ներմուծված զենքի 43%-ը, մինչդեռ այն զրոյական ցուցանիշ է ունեցել 2016-2018 թվականներին»,- գրում է պարբերականը։

Աղբյուրների պնդմամբ՝ Հնդկաստանը պատրաստվում է նաև առաջարկել երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով վարկեր։ Տվյալ նախաձեռնությունը, որի մանրամասները ներկայացրել են 15 անանուն աղբյուրներ ու մինչ այժմ հանրայնորեն հայտնի չեն եղել, ներկայացնում է պետական լայնածավալ ջանք՝ զենքի արտահանումը խթանելու և նոր գնորդների ներգրավելու ուղղությամբ այնպիսի ժամանակահատվածում, երբ գլոբալ մակարդակով վերականգնվում է ռազմական պաշարների պահանջարկը, և աշխարհաքաղաքական հին դաշինքները վերակազմավորվում են։

Հնդկաստանի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաև վարչապետ Նարենդրա Մոդիի գրասենյակը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Զենքի արտահանման խթանման ուղղությամբ ներգրավված հնդիկ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ այս քաղաքականության բեկումնային պահը եղել է 2022 թվականի փետրվարի ռուս-ուկրաինական պատերազմը։ Արևմուտքն իր պահեստային զինամթերքը ուղղել է Ուկրաինա, իսկ Ռուսաստանը իր ամբողջ արդյունաբերական ներուժը կենտրոնացրել է սեփական զինված ուժերի մատակարարման վրա։ Այդ իրողությունները դրդել են տարբեր երկրների, որոնք նախկինում ապավինել են Մոսկվայի կամ Վաշինգտոնի աջակցությանը, սկսել այլընտրանքային աղբյուրների փնտրտուք։

Հնդկաստանի պետական ցուցանիշների համաձայն՝ 2023-2024 ֆինանսական տարվա ընթացքում երկիրը արտադրել է 14.8 միլիարդ դոլարի զենք, ինչը 62 տոկոսով գերազանցում է 2020 թվականի մակարդակը։

Նշվում է, որ մինչև 2026 թվականի մարտը Հնդկաստանը մտադիր է ուղարկել առնվազն 20 նոր ռազմական կցորդներ տարբեր արտասահմանյան դեսպանատներ։ Նրանց հիմնական հանձնարարությունը լինելու է հնդկական զենքի առաջխաղացումն ու տվյալ պետության ռազմարդյունաբերական պահանջարկի վերլուծությունը։

Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի և հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, չի մեկնաբանում սպառազինության գնման մասին հնդկական կողմի տեղեկությունները՝ խնդրելով հիմք ընդունել նախարարության՝ միջազգային համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները և իրավասու պաշտոնյաների հայտարարությունները։

Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր ե զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել՝ 240 մլն դոլարի։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։