17 ապրիլի 2025 - 14:30 AMT
ԱՄՆ-ն փակել է օտարերկրյա ազդեցության դեմ պայքարող ստորաբաժանումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է կայացրել փակել օտարերկրյա միջամտության և ազդեցության դեմ պայքարող կառույցը (R/FIMI), ինչպես հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն։

«Ես հայտարարում եմ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության դեմ պայքարի վարչության փակման մասին, որը նախկինում հայտնի էր որպես Գլոբալ համագործակցության կենտրոն (GEC)», – գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ կենտրոնի գործունեությունն ամերիկացի հարկատուներին տարեկան արժեցել է ավելի քան 50 միլիոն դոլար, մինչդեռ իրականում, ըստ Ռուբիոյի, այն զբաղվել է «ամերիկացիների ձայների լռեցմամբ և գրաքննությամբ, ում իբր պետք է ծառայեր», գրում է Current time-ը։

Ռուբիոն նաև ընդգծել է, որ վերջին տասնամյակում այդ վարչության գործողությունների արդյունքում բազմաթիվ ամերիկացիներ «սևացվել են, աշխատանքից հեռացվել, մեղադրվել և նույնիսկ բանտարկվել՝ ընդամենը իրենց կարծիքը հայտնելու համար»։

Գլոբալ համագործակցության կենտրոնը Պետդեպարտամենտի կազմում ստեղծվել է 2011 թվականին։ Անցած տարի, նախագահ-դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, դրա հիմքի վրա ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության դեմ պայքարի վարչությունը, որի նպատակն էր պայքարել դրսից ուղղված ապատեղեկատվական արշավների դեմ։

Ավելի վաղ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բազմիցս քննադատել էին այդ վարչության գործունեությունը՝ պնդելով, որ այն օտարերկրյա տեղեկատվական միջամտության դեմ պայքարի պատրվակով ճնշում է գործադրում կոնսերվատիվ մեկնաբանների ձայների վրա և իրականում զբաղվում է քաղաքական գրաքննությամբ։ Վարչությունը խիստ քննադատության է ենթարկվել նաև X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասքի կողմից։

Միևնույն ժամանակ վարչության կողմնակիցները, այդ թվում՝ դեմոկրատներ և որոշ հանրապետականներ, նշել են, որ այն կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի և Չինաստանի կողմից վարվող ապատեղեկատվական արշավների դեմ պայքարում։ Politico-ն մեջբերում է Պետդեպարտամենտի անանուն աշխատակցի կարծիքը, ով համաձայն չէ Ռուբիոյի որոշման հետ։