17 ապրիլի 2025 - 16:48 AMT
ՀՀ ն ՌԴ քարագործների միությունները հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Ռուսաստանի քարագործների միությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել Երևանում։

ՀՀ քար մշակողների միության նախագահ Տարոն Բադալյանն ընդգծել է. «Փաստաթուղթը նոր հնարավորություններ է բացում երկկողմ փոխգործակցության և համագործակցության համար», հայտնում է Sputnik Արմենիան։

Տեղեկացվել է, որ Հայաստանում գրանցված են ավելի քան հազար ընկերություններ, որոնք զբաղված են քարի արտադրությամբ ու մշակմամբ, սակայն դրանցից միայն մի քանի հարյուրն են ակտիվ գործունեություն ծավալել։

Արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով միությունը նախաձեռնել է քարի ոլորտին նվիրված փառատոն, որն անցկացվելու է 2025 թվականի հուլիսին։ Փառատոնի այլ մանրամասները ներկայումս չեն հաղորդվում։

Միջոցառման նպատակը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է հայկական բացառիկ ապարների՝ տուֆի, տրավերտինի, բազալտի ու մարմարի վրա։ Նախատեսվում է նաև ձևավորել բիզնես էկոհամակարգ, ստեղծել փորձի փոխանակման ու գործնական կապերի ամրապնդման հարթակ, ինչպես նաև խթանել ոլորտի զարգացումը՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորարարական լուծումներ։