17 ապրիլի 2025 - 17:13 AMT
Օհանյանը՝ Փաշինյանին․ Նշեք գեթ մեկ զիջում Ադրբեջանի կողմից

ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խոսել է Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմի միակողմանի զիջումների մասին։

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա հորդորել է վերջինիս նշել Ադրբեջանի լոկ մեկ զիջում, հայտնում է Panorama.am-ը։

«Կատարվում են Ադրբեջանի առաջարկությունները, պահանջները շատանում են։ Կարծում եմ՝ ձեր վերջին խոսքում կարող եք ասել՝ գոնե լոկ մեկ զիջում Ադրբեջանի կողմից, որն իրականացվել է խաղաղության պայմանագրի ամբողջ գործընթացի ընթացքում»,–ասել է Օհանյանը։

Նա նշել է, որ երբ հնչում են հայտարարություններ այն մասին, թե «մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը», դրան զուգահեռ Մինսկի խմբի լուծարման դիմումը, իսկ հետագայում Սահմանադրության փոփոխությունը, որն Ադրբեջանի պարտադրմամբ է իրականացվում, «ոչնչացվում է Արցախի անձնագիրը, վտանգի տակ են դնում Հայաստանի անձնագիրը»։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի ընթացքում թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկել է միաժամանակ ստորագրել 2 փաստաթուղթ՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը։