17 ապրիլի 2025 - 17:24 AMT
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. Պաշտոնապես բացվել է imID-ի գրասենյակը

Թվային ինքնություն և թվային նույնականացում, ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում արագ, ապահով ու անվտանգ թվային գործարքների իրականացում`մասնավոր եվ պետական ոլորտներում. imID-ն Հայաստանի համար թվային ինքնության նոր մակարդակ ու չափանիշ է սահմանում։

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել վստահության ծառայություններ մատուցող imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացումն ու նախագծի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կառավարության, պետական և միջազգայինկառույցների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում թվային փոխակերպումները դարձել են համար մեկ հրամայականը, որոնցից անմասն չի մնում նաև Հայաստանը։ Ունենալով երկրի թվայնացման ռազմավարության՝ Հայաստանը ևս խթանում է անձնական տվյալների պաշտպանությունը և թվային տիրույթում վստահելի ու արագ գործընթացների իրականացումը, որոնց հիմքում վստահության ծառայություններ մատուցող ընկերություններն են (Trust Service Providers)։

Այս գաղափարն ունենալով և արդյունավետ թվային ինքնության գործիք ստեղծելու նպատակով 2024 թվականին Հայաստանի 10 բանկեր և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերություններ միավորվել ու հիմնադրել ենimID-ին։ imID-ի Հիմնադիր Խորհրդի կազմում է նաև IDBank-ը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ imID-ն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ստանալ որակյալ, անվտանգ ու մատչելի ծառայություններ ժամանակակից թվային աշխարհում։

«Բիզնեսի տեսանկյունից ևս imID-ն մեծ դեր ունի․ վերջինս կնպաստի բիզնես հարաբերությունների արագ ու անվտանգ իրականացմանը՝ բերելով բիզնեսի ծախսերի նվազեցմանն ու արդյունավետության բարձրացմանը», - նշել է Աբրահամյանը։

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն և imID-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սերգեյ Առաքելյանի խոսքով՝ թվայնացման միտումն ամբողջ աշխարհում է նկատվում։

«Ակնկալում ենք, որ Հայաստանը ևս հետ չի մնա թվային տնտեսության զարգացման ուղղությունից՝ հիմքում օգտագործելով տեխնոլոգիական այն հնարավորությունները, որոնք imID ընկերությունը պլանավորում է ներդնել Հայաստանում մոտ ապագայում», - ասել է Սերգեյ Առաքելյանը։

imID-ն ստեղծվել է 2024 թվականին՝ Հայաստանի 10 բանկերի և հեռահաղորդակցության ոլորտի 3 ընկերությունների կողմից։ imID-ն տրամադրում է անվտանգ և հուսալի էլեկտրոնային ինքնության լուծումներ՝ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Ընկերությունը հնարավորություն է տալիս օգտատերերին առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնել էլեկտրոնային գրանցում, մուտք գործել imID-ով, հաստատել գործարքներ, ստորագրել ցանկացած թվային փաստաթուղթ առցանց։

Թե՛ փաստաթղթերի ստորագրման և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր գործարք ապահովվում է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

Որպես վստահելի ծառայություններ մատուցող ընկերություն՝ imID-ն ձևավորում է նոր մշակույթ և չափանիշներ նորարարական և անվտանգ թվային ինքնության լուծումների համար։

imID-ի առաքելությունն է մարդկանց ապահովել թվային նույնականացման վստահելի և արդյունավետ գործիքով, որը թվային աշխարհի հետ նրանց շփումը կդարձնի առավել անվտանգ ու անխափան։

Ընկերությունը հավակնում է դառնալ թվային նույնականացման ծառայությունների հուսալի, նորարարական և միջազգային չափանիշներին համապատասխան լուծումներ առաջարկող ընկերություն, որը յուրաքանչյուր քաղաքացու և բիզնեսի հնարավարություն կընձեռի վստահ գործելու թվային ժամանակաշրջանում։

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: