18 ապրիլի 2025 - 10:35 AMT
Ավարտվել են Մասյացոտն թեմի առաջնորդարանի 2-րդ հարկի կառուցման և Մասիսի Սբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնման աշխատանքները

4 տարի առաջ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Արարատի մարզում հիմնադրվել է Մասյացոտն թեմը: Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին ընտրվել է որպես առաջնորդանիստ:

Գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել առաջնորդարանի մեկ հարկանի մասնաշենքի տարածքն ընդլայնել: 2024 թվականին Միքայել և Կարեն Վարդանյանները նախաձեռնել են առաջնորդարանի երկրորդ հարկի կառուցման աշխատանքները: 2025 թվականի ապրիլին շինարարությունն արդեն ամբողջությամբ ավարտվել է:

Առաջնորդարանի երկհարկանի շենքը կանգուն է, ներսում կատարվել են անհրաժեշտ կահավորման աշխատանքներ, անցկացվել է ջեռուցման և օդորակման համակարգ, արդիականացվել է եկեղեցու լուսավորությունը, կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ:

Վարդանյանների ֆինանսավորմամբ, հիմնովին վերակառուցվել և ընդլայնվել է նաև եկեղեցու մոմավառության սրահը, որտեղ տեղադրվել է 12 սրբապատկեր: Նշված աշխատանքների իրականացման համար Վարդանյան եղբայրները տրամադրել են 161 մլն դրամ: