28 մայիսի 2009 - 18:23 AMT
Վրաստանը հույսեր է փայփայում Բաքու-Կարս նախագծում Ադրբեջանի լրացուցիչ ներդրումների վերաբերյալ
Վրացական կողմն Ադրբեջանի հետ բանակցություններ է սկսել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության համար լրացուցիչ ներդրումների հատկացման հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Լաշա Ժվանիան:
Նրա խոսքերով, նախագծի իրականացման համակարգման խորհրդի անցյալ շաբաթվա վերջին կայացած նիստում քննարկվել էին «մի քանի կարեւոր հարցեր, որոնք պահանջում են լրացուցիչ ներդրումներ»: Մասնավորապես, համաձայնեցվել են Թուրքիայի եւ Վրաստանի սահմանում 2,6 կմ երկարությամբ թունելի շինարարության ուղղություններն ու չափանիշները, որը կսկսվի 2010 թվականին:
Բացի դրանից, պայմանավորվածություն է ձեռքբերվել Ախալքալակում անցումային կետի կառուցման մանրամասների մասին, որտեղ գնացքները Վրաստանում գոյություն ունեցող գծերից կանցնեն եվրոպականին: «Մենք ուսումնասիրել ենք նաեւ Վրաստանի տարածքում 30 կմ երկարությամբ հատվածի շինարարության մանրամասները», - ասել է Ժվանիան:
Նա ավելացրել է, որ երկաթուղու վրացական հատվածի կառուցման համար Ադրբեջանի կողմից նախկինում 20 տարով հատկացված 200 մլն դոլար վարկից Վրաստանն արդեն ստացել է 87 մլն դոլարը, մնացած գումարը կհատկացվի մոտ ժամանակներս, հաղորդում է Ինտերֆաքսը:
Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան 2007 թվականի փետրվարին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել երկաթուղային միջանցքի ստեղծման մասին` օգտագործելով արդեն գոյություն ունեցող Թբիլիսի-Բաքու մայրուղին: