18 ապրիլի 2025 - 11:48 AMT
Արցախցիների դեմ ատելության խոսքի մասով ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել

«Խոսնակ» լրատվամիջոցի կողմից արցախցիների հասցեին ատելության խոսք տարածելու փաստով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։

ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը նշել է, որ հաղորդումը ստացվել է և օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել, հայտնում է «Փաստինֆոն»։

Նշյալ լրատվամիջոցը երկար ժամանակ զբաղվել է արցախցիների նկատմամբ ատելության մթնոլորտ ստեղծելով։ Ապրիլի 16–ին հրապարակված նոր տեսանյութում մի կին հայտարարել է. «արցախցիներին գյուլլեն ափսոս ա, որ գյուլլում են, պիտի սենց հողին հավասարցնեն», իսկ նույն տեսանյութում հավելել է՝ «արցախցիներին չպետք է բերեն լցնեն Հայաստան՝ ապականեն, իրենք թուրքի մնացորդ են»։ Այս տեսագրությունը ոչ միայն խիստ քննադատության է արժանացել հանրության կողմից, այլ նաև մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն են արտահայտել՝ հորդորելով իրավապահներին միջամտել և առաջադրել քրեական պատասխանատվության հարց,

Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշելով, որ արցախցիների դեմ բռնության և ատելության հնչեցված կոչերի վերաբերյալ պաշտոնապես դիմել է Գլխավոր դատախազին՝ պահանջելով հարուցել քրեական գործ քաղաքացիների, լրագրողի և իշխանամետ լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ։