18 ապրիլի 2025 - 14:46 AMT
Ֆրանսիացի փաստաբանները կոչ են արել անպատիժ չթողնել Ադրբեջանին՝ «Եվրոպան չպետք է լռի»

Ֆրանսիական Figaro պարբերականը հրապարակել է ֆրանսիացի ազդեցիկ փաստաբանների, փաստաբանական պալատների ղեկավարների և իրավապաշտպանների հայտարարությունը, որով ընդգծվել է Ադրբեջանի նկատմամբ անպատժելիության անթույլատրելիությունը՝ կապված մարդու հիմնական իրավունքների կոպիտ խախտումների հետ Բաքվում հայերի դեմ ընթացող շինծու գործերով դատական ֆարսի շրջանակում։ Նախաձեռնությունը եկել է Մոնպելիեի փաստաբանական պալատից։

Ըստ փաստաբանների՝ միջազգային արձագանքի պակասը կարող է վնասել Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հիմքերին։ Նրանք ընդգծել են, որ նման զարգացումները վտանգավոր նախադեպ են ստեղծում, երբ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը կարող է անպատիժ գործել օրենքի սահմաններից դուրս, հայտնում է «Առավոտը»։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի ստորագրումից 75 տարի անց, Եվրոպան առերեսվում է անընդունելի խախտումների հետ, որոնք չեն կարող անպատասխան մնալ:

«Ադրբեջանում հայ պատանդների դատավարությունը պետական անարդարության ամենաբացահայտ դրսևորումներից մեկն է: Այս դատավարությունը, որը միջազգային լրատվամիջոցներն ու Եվրախորհրդարանը՝ 2025 թ. մարտի 13-ի բանաձևով որակել է որպես ձևական, ոտնահարում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և ցույց է տալիս ադրբեջանական ռեժիմի կողմից հայերի նկատմամբ կիրառվող համակարգված ճնշումը:

Ադրբեջանը, որը 2002 թվականից Կոնվենցիայի կողմ է, բացահայտորեն ծաղրում է իր պարտավորությունները, պարբերաբար մերժում է Եվրոպական դատարանի որոշումները՝ հրաժարվելով կատարել որոշումներ, որոնք դատապարտում են հայերի նկատմամբ խտրականության և խոշտանգումների գործողությունները: Այս ինստիտուցիոնալացված բռնապետությունը հասնում է իր գագաթնակետին 23 հայ պատանդների անարդար դատավարությամբ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ և կամայականորեն ձերբակալված քաղաքացիական անձինք:

Այս մարդիկ, որոնք գերեվարվել են էթնիկ զտման համատեքստում, ենթարկվում են անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի: Բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են այն տառապանքների մասին, որ նրանք կրում են, հատկապես Ռուբեն Վարդանյանը, որի լուսանկարներում ակնհայտ բռնության հետքեր են նկատվում: Նրան մոտ 45 կեղծ մեղադրանք է առաջադրված: Նա կարողացել էր ընտանիքի միջոցով ուղերձ փոխանցել՝ նշելով, որ «ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում: «Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին: Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար: Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է»,–ասվում էր ուղերձում:

Այս խոսքերը հնչում են որպես տագնապի ազդանշան դատական համակարգի դեմ, որը վերածվել է հայերի ճնշման և համակարգված նվաստացման գործիքի: Այս դատավարությունը բացահայտորեն խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը երաշխավորում է արդար և հրապարակային դատաքննության իրավունքը՝ անկախ և անաչառ դատարանի առջև»,–ասվում է հայտարարության մեջ։

Նրանք նաև նշել են, որ ֆրանսիական և եվրոպական փաստաբանական պալատները պարտավոր են պահանջել միջազգային դիտորդների մասնակցություն այս դատավարություններին։

«Եթե եվրոպական փաստաբանները խիզախել են ներկա գտնվել լրագրողների և այլախոհների դատավարություններին Թուրքիայում, Թունիսում կամ այլուր, ինչո՞ւ Ադրբեջանը պետք է խուսափի դրանից։ Արդյո՞ք այն այնպիսի գերագույն բռնապետություն է, որի առջև մարդու իրավունքների պաշտպանները նահանջում են։ Եվրոպան չի կարող լուռ մնալ այս դատական սկանդալի նկատմամբ։

Եվրոպական կառույցները, անդամ պետությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը պետք է մոբիլիզացվեն՝ այս արդարադատության ծաղրին վերջ տալու համար։ Եվրոպայի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի վստահելիությունը այսօր փորձության է ենթարկվում։ Ժամանակն է գործել, որպեսզի անպատժելիությունը երբեք չդառնա նորմ»,-ասվում է ֆրանսիացի փաստաբանների հայտարարության մեջ։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որտեղ ասվում է, որ հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով։