Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ Արցախի, արցախցու նկատմամբ Սուքիասյանը բնազդային ատելություն ունի։
«Երևաց նաև ներազգային թշնամանքի գլխավոր պատվիրատուներից մեկը` Խաչատուր Սուքիասյանը, որն անզուսպ պնդում էր տարբեր քվազիլրատվականններով արցախցինների դեմ տարածվող կեղծ նարատիվը:
Այս մարդը տասնամյակներ շարունակ եղել է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու գլխավոր լոբբիստը և իր պատկերացմամբ այս ամենի խոչընդոտը արցախյան հարցն է, հետևաբար Արցախի, արցախցու նկատմամբ Սուքիասյանը բնազդային ատելություն ունի։
Մնում է միայն հասկանալ, արդյո՞ք Թուրքիայի հետ հնարավոր բիզնես շահեր ունենալու մոլուցքն է անդառնալի ատելություն առաջացրել արցախցիների նկատմամբ, թե արդեն բանը բանից անցել է, և ի դեմս Սուքիասյանի Հայաստանում ունենք ներազգային ատելություն սերմանող ուժեղ ու հարուստ ուղղորդված գործիք»,–գրել է նա։
Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «44-օրյա պատերազմի ժամանակ ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբոտաժ ա արել, մի մասն ինադու տվյալներ ա տվել»։ Դրանից մեկ օր առաջ 24 news.am-ին տված հարցազրույցում նա ասել էր, թե 2023–ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ ընդամենը 10 մարդ է զոհվել։ Արցախի տեղեկատվական շտաբը հիշեցրել է, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 քաղաքացի:
Հարցազրույցից քիչ անց Խաչատուր Սուքիասյանը ներողություն է խնդրել՝ անդրադառնալով միայն հարցազրույցի այն մասին, որտեղ խոսել է սեպտեմբերի 19-ի զոհերի մասին։«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։ Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար»,–ասել է նա։