18 ապրիլի 2025 - 14:59 AMT
Գյումրիում ընտրակաշառքի և բարեգործության արգելքի խախտման 2 քրվարույթ ուղարկվել է դատարան

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիում 2025 թվականի մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրակաշառքի ու բարեգործության արգելքի խախտման դեպքերով քննված 2 քրեական վարույթներն ավարտվել է և ուղարկվել դատարան։

Հետաքննությամբ պարզվել է, որ նշված ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն ընտրողին դրամական և նյութական բարիքներ խոստանալու միջոցով շրջանցել է բարեգործության սահմանափակումը։

Մասնավորապես՝ դաշինքի թեկնածուն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է անհրաժեշտ գումար տրամադրելու եղանակով ֆինանսավորել նրա կողմից ղեկավարվող պարային խմբի մասնակիցների հագուստների (տարազ) պատրաստման և ձեռքբերման գործընթացը՝ միաժամանակ խոստանալով ցուցակագրել պարային խմբի կահավորման համար անհրաժեշտ այլ ծախսերը՝ կուսակցության միջոցների հաշվին դրանք ապահովելու նպատակով:

Մեկ այլ գործի շրջանակում բացահայտվել է, որ Գյումրու բնակիչներից մեկը նախապես համաձայնեցված խմբով գումար է խոստացել ընտրողների երկու անձի՝ վերջիններիս համոզելով քվեարկել իր ներկայացրած դաշինքի օգտին։

Ըստ նախաքննության, նրանք ընդունել են առաջարկը՝ պարտավորվելով դրա դիմաց քվեարկել համապատասխան ուժի օգտին։ Այնուհետև նույն անձը պայմանավորվել է այդ ընտրողների հետ՝ ընտրակաշառք առաջարկելու նպատակով ներգրավելով այլ քաղաքացիների ևս։ Այս գործընթացում նրանք հավաքել են մի շարք ընտրելու իրավունք ունեցող անձանց անձնական տվյալներ՝ ընտրակաշառքի առաջարկի նպատակով։

Հարուցված վարույթներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներով մեղադրանքներ են ներկայացվել 4 քաղաքացու, որոնց նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։ Ըստ հաղորդագրության՝ բոլոր մեղադրյալներն ընդունել են մեղադրանքները և տվել խոստովանական ցուցմունքներ։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ քրեական վարույթների նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունները հաստատվել են դատախազի կողմից, և գործերի նյութերն արդեն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Ծանուցում․ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։