18 ապրիլի 2025 - 16:01 AMT
Մի խումբ արցախցիներ պահանջներ են ներկայացրել Շահրամանյանին

Արցախից տեղահանված քաղաքացիները հավաքվել են Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց՝ պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից քայլեր ձեռնարկել և վերադարձնել, իրենց պնդմամբ, 48 արցախցի ընտանիքների կողմից յուրացված 467 միլիոն դոլար գումարը։

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բողոքի ակցիային մասնակցող մարդիկ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմնակիցներն են, հայտնում է Sputnik Արմենիան։

Ակցիայի կազմակերպիչներից Արթուր Օսիպյանը մամուլի հետ զրույցում նշել է, որ իրենց նպատակը արցախցիների սոցիալական խնդիրների լուծումն է։

«Դրա ճանապարհը տեսնում ենք այսպես Արցախից թալանած գումարները պետք է վերադարձվեն։ Մենք ամբողջ թալանի մասին չգիտենք, բայց մի մասից տեղյակ ենք, ու դրանք փաստաթղթերով 1.5 տարի առաջ ներկայացվել են դատախազություն։ Որոշ դրվագներով գործեր կան հարուցված, մի մասն էլ դեռ օդից կախված է։ Ինձ էլ քննչական կոմիտե են կանչել, այնտեղ ներկայացրել եմ Արցախում տեղի ունեցած խոշոր կոռուպցիոն սխեմաները։ Այդ գումարները պետք է վերադարձվեն ժողովրդին։ Սամվել Շահրամանյանից պահանջում ենք դուրս գալ ու ժողովրդին ասել, թե ինչպես է քաշելու այս ժողովրդի հոգսը։ Եթե չի գալիս, ուրեմն մենք կասենք ինչ անի»,– ասել է Օսիպյանը։

Օսիպյանն ընդգծել է, որ Շահրամանյանը պարտավոր է գնալ ՀՀ գլխավոր դատախազություն և որպես լիազոր պաշտոնյա, պահանջել արագացնել թալանված գումարների վերադարձի գործընթացը։ Նրա խոսքով՝ ընդհանուր գումարը կազմում է 467 միլիոն դոլար, որը հայտնվել է 48 ընտանեկան խմբերի ձեռքում։ Նա նաև կոչ է արել ՀՀ դատախազությանը հրապարակել այդ անձանց ցուցակը, որպեսզի հասարակությունը ճանաչի նրանց անուններով։

Լրագրողներից մեկի բարձրացրած հարցին՝ արդյոք նշված անձանց մասին մանրամասներ կարող են ներկայացնել, ակցիայի մասնակիցները չեն պատասխանել։ Երբ հետաքրքրվեցին՝ արդյոք անձամբ ներկայացել են դատախազություն, Օսիպյանը նշել է, որ ինքն այնտեղ չի եղել, սակայն այլ արցախցիներ փորձել են այցելել, սակայն մերժվել են։

Այս հարցուպատասխանից հետո իրավիճակը լարվել է, երբ Օսիպյանը և մի քանի մասնակից սկսել են բարձրաձայնել և վիրավորական արտահայտություններ հնչեցնել լրագրողների հասցեին։ Տեղում գտնվող ոստիկանները միջամտել են՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը, իսկ Օսիպյանն հորդորել է մասնակցիներին չհաղորդակցվել լրագրողների հետ։

«Մենք ձեր կարիքը չունենք, մեզ «Ֆեյսբուքը» հերիք ա։ Մեր հավաքին մի՛ խառնվեք, բոլորդ կեղտոտ լրատվամիջոցներ եք, գնացե՛ք ստեղից»,– ասել է Օսիպյանը։

Որոշ ժամանակ անց նա վերադարձել է լրագրողների մոտ և հայտնել, որ նշված 467 միլիոն դոլարը այն գումարն է, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատկացրել է Արցախին։

Երբ իրավիճակը լարվել է, մի քանի արցախցի պատգամավորներ մոտեցել են հավաքվածներին, սակայն նրանց ներկայությունը նույնպես հանգեցրել է լարված խոսակցությունների։

«Այս քաղաքացիները, որ հավաքվել են այստեղ, բազմիցս խնդրել են հանդիպում նախագահի հետ, այդ հանդիպումները կայացել են։ Արցախի ներկայացուցչության դեմ ցանկացած սադրանք ուղղորդվում է Ալիևի և ՀՀ այսօրվա իշխանությունների կողմից։ Արցախի նախագահը արդեն եղել է դատախազությունում, դեռ 2023 թվականի նոյեմբերին հաղորդում ներկայացրել, իսկ փետրվարին գործ է հարուցվել։ Նա նաև հարցաքննվել է»,– նշել է պատգամավոր Աշոտ Դանիելյանը։

Հանդիպումից հետո ակցիայի որոշ մասնակիցներ բարձրացան դարպասների վրա և սկսեցին ցնցել ճաղերը։

Մի քանի կարմիրբերետավոր ոստիկաններ մոտեցել են բողոքողներին, հորդորել են նման գործողություններից զերծ մնալ և հեռացել։ Հավաքված քաղաքացիները պահանջել են ամբողջ խմբով մուտք գործել ներկայացուցչության տարածք, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Նրանք պնդել են, որ նախագահ Շահրամանյանը պետք է իջնի դարպասների մոտ, լսի բողոքողներին և բարձրախոսով պատասխանի հարցերին։

Բազմակի բանակցություններից հետո, ոստիկանությունը համաձայնել է ներս թողնել միայն 10 հոգու։ Նրանց հետ ներկայացուցչության տարածք է մուտք գործել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ավելի ուշ Արցախի հանրապետության ներկայացուցչության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներին արձագանքել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, հայտնում է Panorama.am-ը։

«Արցախցիների բռնի տեղահանումից հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Հայաստանի կառավարությունը»,–ասել է նա։

Նա նշել է, որ Արցախի վտարանդի կառավարությունն այդ որոշումները մշակելու, հաստատելու լիազորություններ չունի։