Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրենց նախաձեռնած նախագիծը, որն ուղղված է տրանսպորտի գնի բարձրացումը կասեցնելուն, դրական եզրակացություն է ստացել ֆինանսատնտեսական հանձնաժողովում։
«Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստը, որտեղ «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող, ստացավ դրական եզրակացություն։
Նախագիծը 8 կողմ և 6 դեմ համեմատությամբ՝ անցավ։
Ապրիլի 22-ին ավագանու հեթական նիստին արդեն դրական եզրակացություն ստացած նախագիծը պետք է քվեարկենք, ու վերջնական կասեցումը մտնի ուժի մեջ։
Դե ինչ, սպասենք ու տեսնենք՝ ովքեր դեմ կլինեն ու քաղաքացիներին հակառակ կքվեարկեն։ Ո՛չ տրանսպորտի թանկացմանը»,–ասվում է գրառման մեջ։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։