19 ապրիլի 2025 - 11:08 AMT
Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչները շարունակել են պարգևատրվելու շարքը՝ գրանցելով նոր մեդալային հաջողություններ։

Ապրիլի 18-ին Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում պայքարին միացել են 76 կգ քաշային կանայք։ Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը, ով մարզվում է Քրիստինե Պետրոսյանի ղեկավարությամբ, երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Պոկում վարժությունում նա կարողացել է բարձրացնել սկզբում 95 կգ, ապա նաև 100 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրել է նախ 126 կգ, այնուհետև՝ 131 կգ։ Այս վարժությունում Ամրոյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը, ում մարզում է Աշոտ Փիլոսյանը, պոկում վարժությունում բարձրացրել է 95 կգ։ Հրում վարժությունում նա հետևողականորեն բարձրացրել է 121 կգ, 128 կգ, ապա նաև 131 կգ։ Այս վարժությունում Միլենա Խաչատրյանը արժանացել է արծաթե մեդալի։

Երկամարտում գրանցելով 226 կգ արդյունք՝ նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Հայաստանի կանանց հավաքականը գլխավորում է Արտաշես Ներսիսյանը, իսկ թիմի երկրորդ մարզիչն է Տարոն Թովմասյանը։

Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին ՀՀ–ն ունի 3 մասնակից: Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք` Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը: Իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը: