Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով հարցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում։
«Իշխանությունը չներեց այս գործով ներգրաված իրավապահներին, ովքեր չկարողացան իշխանության քարոզչության և քաղաքական գծին համահունչ գործ փաթեթավորել և գործով դատավորին, ով իրեն իջեցված քաղաքական հանձնարարությունը չկատարեց։
Թեմային էլ մեծ հանրայնություն հաղորդեցին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի և տարածված ուղերձից անմիջապես հետո` ընդդիմադիր դաշտին հասկացնելով, որ քաղաքական ակտիվացման ու վճռականության դրսևորման քայլերին արձագանքելու են ավանդական դարձած այլանդակություններով:
Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում, մենք մեր «մաշկի վրա» ավելի ծանր ճնշումներ և հարվածներ ենք ստացել, սակայն սա կաշկանդելու և զսպելու ազդակ է, փորձ է բոլոր այն ուժերի և գործիչների համար, ովքեր դաշտում որևէ ձևով ակտիվանալու հայտ են ներկայացնում կամ ունեն նման մտադրություն։,–գրել է նա։