19 ապրիլի 2025 - 13:05 AMT
Ղուկասյան. Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երդմնակալության արարողության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ անկախության վերաբերյալ իրեն վերագրվող խոսքերին, ասել է, որ միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել։

«Այդ ինչ հարձակում եք կատարում վրես Անկախության հետ կապված։ Հայաստանի անկախության համար ո՞վ կարող է մի բան ասի։ Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Քաղաքապետարանի շենքով քայլելիս՝ Ղուկասյանն ասել է․ «Ամագս է, մեծ չարչարանքով ենք սարքել»:

Ղուկասյանը ստանձնել է պարտականությունները՝ երդվելով համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները։

Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։