19 ապրիլի 2025 - 14:18 AMT
Ղուկասյանը ստանձնել է պաշտոնը․ Գրիգորյանի ղեկավարած դաշինքը չի մասնակցել արարողությանը

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ստանձնել է Գյումրու համայնքապետի լիազորությունները։ Երդմնակալության արարողությունն անցկացվել է Գյումրու քաղաքապետարանի շենքում՝ հոգևոր և պետական խորհրդանշանների ուղեկցությամբ։

Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամները՝ չնայած որ ձայն էին տվել Վարդան Ղուկասյանին համայնքապետի պաշտոնում ընտրվելու համար, չեն մասնակցել նրա երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը, գրում է Auroranews.am-ը։

Տոնական միջոցառումը սկսվել է տերունական աղոթքով, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, հայտնում է 1lurer.am-ը։

«Ստանձնելով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը, երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել՝ ի բարօրություն նրա բնակիչների, պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը»,- ասել է Ղուկասյանը:

Ելույթով է հանդես եկել նաև Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը։

Իր խոսքում նա նշել է, որ 20 տարի չի մասնակցել քաղաքապետի երդմնակալությանը, հայտնում է Auroranews.am-ը։

«Ես 20 տարի չեմ մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողության: Երբ ինձ հրավիրել են մասնակցել այս երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել եւ եկել եմ, որովհետեւ այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է ավելի կարեւոր այս քաղաքում, այդ հարցի ժամանակը չէ: Շիրակի թեմի առաջնորդն իր տեղում է կարեւոր, քաղաքապետն իր տեղում: Մենք պատրաստ ենք լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը պետք է:

Ես ու Վարդան Ղուկասյանը, լինելով բնավորությամբ շատ տարբեր, հակառակ, կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել։ Մեր համագործակցության լավագույն պտուղը Ձեր առջև կանգնած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որի վերակառուցման առյուծի բաժինը պարոն Ղուկասյանին է պատկանում»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը:

Մարտի 30-ին Գյումրիում կայացած ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստացել ավագանու մանդատների կեսից ավելին։ Ընդդիմադիր դաշինքները հայտարարել են իրենց աջակցությունը ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին, որը հավաքել է ամենաշատ քվեները։

Ընտրական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, իսկ «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ։