19 ապրիլի 2025 - 14:34 AMT
FIP. Ապրիլի 1-ից սոցիալական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 53,000 անձի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիաների համատեքստում, երբ կառավարությանը ներկայացվում էին նաև սոցիալական պահանջներ, մասնավորապես՝ չդադարեցնել 40,000+10,000 դրամական աջակցությունը, «Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե ինչ վերլուծություն է դրված աջակցությունը կրճատելու որոշման հիմքում, որքան մարդ չի ստանա աջակցություն, որքա՞ն ֆինանսական միջոց է տնտեսելու կառավարությունը աջակցության կրճատման արդյունքում և այլն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված դրամական աջակցության և բնակարանային ապահովման միջոցառումների համար ՀՀ կառավարությունը 2025 թ.-ին նախատեսել է 35 մլրդ դրամ (մոտ 88 մլն դոլար), օգնություն կստանա ԼՂ-ից բռնի տեղահանված մոտ 53,000 անձ, հայտնում է FIP.am–ը։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ և ի՞նչ վերլուծության արդյունքում է նախարարությունը որոշել կրճատել արցախցիների շրջանակը, որոնց տրամադրվում էր 40 հազար դրամ+10 հազար դրամ օժանդակությունը, նախարարությունից նկատել են, որ դրա հիմքում ընկած են մի քանի հանգամանքներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների ֆորմալ զբաղվածության ցուցանիշները, 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ բանկային հաշիվներում (այդ թվում՝ ավանդային, քարտային և ոչ քարտային հաշիվներ՝ բացառությամբ չծախսված վարկային միջոցներ) 2 մլն դրամը գերազանցող միջոցներ ունեցողների թվաքանակի մասին տվյալը, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար գործող պետական զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերի գործարկման փաստը։

«Հատկանշական է, որ սոցիալական պաշտպանության նորմատիվ համակարգին զուգահեռ արտոնյալ պայմաններով լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին ժամանակավոր աջակցություն տրամադրելն է՝ խթանելով այդ ընթացքում ընտանիքների սոցիալ-տնտեսական ինքնուրույնացումն ու ինքնաբավությունը։ Կեցության աջակցության ծրագիրը ի սկզբանե մշակվել է որպես կարճաժամկետ ծրագիր, այնինչ երկարաժամկետ առումով կեցության ապահովման խնդիրը լուծելու իրական հնարավորությունները առաջարկվում են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում»,- նշել են նախարարությունից։

Ապրիլի 11-ի դրությամբ բնակարանային աջակցության ծրագրով հավաստագրեր են տրամադրվել մոտ 990 ընտանիքի, սակայն դրանցից իրացվել է ընդամենը 96-ը։ Այսինքն՝ մոտ մեկ տարվա ընթացքում ընդամենը 9.7 տոկոսն է կարողացել ձեռք բերել անշարժ գույք։

Ըստ նախարարության պատասխանի՝ 40,000+10,000 դրամի օգնությունը մինչ այժմ ստացել է միջինում ամսական մոտ 105,000 տեղահանված անձ, իսկ 2025 թվականի առաջին եռամսյակում՝ միջինում 98,000։ Աջակցության նոր կարգով՝ ապրիլի 1-ից, դրամական օժանդակություն կտրամադրվի ԼՂ-ից տեղահանված մոտ 53,000 քաղաքացու։

Նախատեսվում է, որ աջակցությունը կտրամադրվի հետևյալ խմբերին՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ խորը կամ ծանր աստիճանի ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող անձինք, 63 և բարձր տարիք ունեցողները, մինչև 18 տարեկան երեխաները, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացողները, ինչպես նաև հանրակրթական, արհեստագործական կամ միջին մասնագիտական հաստատություններում սովորող 18 տարին լրացած անձինք։

«Միաժամանակ, հաշվի առնելով, որ կլինեն ընտանիքներ, որոնք, չունենալով եկամուտ կամ ունենալով ցածր եկամուտ, կարող են ունենալ լրացուցիչ աջակցության կարիք, ՀՀ կառավարությունը մշակել և արդեն հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիր։ Նոր աջակցությունը կլինի առավել կարիքահենք՝ թիրախում պահելով ցածր եկամուտներ ունեցող կամ եկամուտներ չունեցող ընտանիքներին»,- տեղեկացրել են սոցապ նախարարությունից։