Աշտարակից Երևան մտնող ճանապարհի լանջերին նոր անտառային գոտի կստեղծվի։ Այդ մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանի կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասել է․ «Այս շաբաթվա ընթացքում մոտ 700 ծառով նոր անտառային գոտի ենք ստեղծում՝ որպես պաշտպանիչ գոտի Աշտարակից Երևան մտնող ճանապարհի լանջերին», հայտնում է Radar.am-ը։
Բեգոյանն հավելել է, որ առաջիկա ամռանը նախատեսվում է տնկել ևս 3000-4000 ծառ ու թուփ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ շաբաթ օրը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող տարածքում տնկվել են 1300 ծառ և 200 մշտադալար թուփ։
«Այդ տարածքում արդեն իրականացվել են շինբարեկարգման աշխատանքներ, կառուցվել է գեղեցիկ կասկադ, տեղադրվել են շատրվաններ, տարածքն ամբողջությամբ հագեցած է ոռոգման համակարգով: Շատ շուտով այդ հատվածում կտեսնենք գեղեցիկ և կանաչապատ տարածք»,- ասել է նա։
Տնկվել են սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ՝ ծիրանենի, խնձորենի, տանձենի, սալորենի և նշենի: Տարածքն ամբողջությամբ ապահովված է ոռոգման համակարգով։