21 ապրիլի 2025 - 13:26 AMT
Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին․ 2020-ից հետո իշխանությունը փողոցում գցած էր՝ դուք չվերցրեցիք

Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում իրավիճակը զգալիորեն սրվել է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջև ծագած վիճաբանության ժամանակ։

Գեղամ Մանուկյանն իր ելույթի ընթացքում բարձրացրել է այն հարցը, թե 1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր լրատվամիջոցներն են արշավ տարել Վազգեն Սարգսյանի դեմ: ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքել է՝ նշելով «դաշնակցական» մամուլը:

«Էդ ո՞վ ասեց, գլուխդ պատով տվեցիր, «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան, գնացե՛ք մամուլը նայեք»,- արձագանքել է Մանուկյանը։

Պատասխանելով ընդդիմադիր Մանուկյանին, որն արձագանքել էր տեղից՝ Սիմոնյանն ասել է․ «Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատով ես տվել: Ես էլ ասում եմ՝ գլուխդ պատով տվել ես դո՛ւ», հայտնում է 1lurer.am-ը։

Սիմոնյանը հորդորել է իրեն չսպառնալ:

«Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարող է իրեն թույլ տալ ինձ սպառնալ: Հեռուստատեսության և ռադիոյի մասին ենք խոսում, տենց ելույթներով ծրագրեր ես անում, որ ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովազդ վաճառել, դնել այդ ծրագրերի մեջ, որովհետև ոչ ոք չի նայելու»,- ասել է ԱԺ նախագահը՝ դիմելով Մանուկյանին, ով պատրաստվել է լքել նիստերի դահլիճը:

Սիմոնյանը հորդորել է նրան վերադառնալ տեղը։

«Խնդրո՛ւմ եմ, նստիր ու լսի՛ր»,- դիմել է ԱԺ նախագահը:

Սակայն Մանուկյանը լքել է նիստերի դահլիճը:

«Հիմա դո՛ւք պատկերացրեք մի իրավիճակ, որ 30 տարվա գաղջից հետո՝ մարդկանց ծեծելով սպանելուց, թալանելուց հետո, ընտրություններ կեղծելուց հետո, մարտի 1 ու հոկտեմբերի 27 անելուց ու մարդկանց գնդակահարելուց հետո ՀՀ քաղաքացին մի օր դուրս է գալիս ու կոալիցիոն Դաշնակցությանը, Հանրապետականին ճանապարհում է ու ազատվում է այդ մղձավանջից»,- շարունակել է Սիմոնյանը՝ նշելով, որ դրան հաջորդել են համավարակի բռնկումն ու Արցախի վրա հարձակումը:

Սիմոնյանը ընդգծել է, որ այս նոր, առաջին անգամ ընտրված իշխանությունը փորձ է արել կայունացնել իրավիճակը, սակայն ներքին հարվածներով ակտիվացել է հինգերորդ շարասյունը, որը հայրենասիրական կարգախոսներով փորձել է քանդել պետությունը և վնասել պետականությունը: Նա հավելել է, որ այնուհետև գործի է դրվել պլան Բ-ն՝ Հայաստանը ներքաշելու պատերազմում, պատերազմը տեղափոխելու Հայաստան, փոխելու իշխանությունը ու բերելու վերահսկվող նոր վարչակարգ, որը նախկինի պես «կպարի ուրիշի դուդուկի տակ»:

Անդրադառնալով ներկա քաղաքական իրողություններին՝ Սիմոնյանը պնդել է, թե այսպես կոչված հինգերորդ շարասյունը շարունակում է գործել նաև Ազգային ժողովում՝ համագործակցելով արտաքին ուժերի հետ:

«Ընդդիմությունը չի ուզում իշխանությունը վերցնի, և դրա ապացույցները շատ են: Ենթադրենք, եթե ուզում էիք իշխանությունը վերցնել, ինչի էր պետք Վազգեն Մանուկյանին բերել: Երբ մեզ ասում եք՝ աթոռից կառչած, եթե այդ աթոռն այդքան լավն է, 2020-ի ավարտին աթոռն այդքան լավն էր, ինչու ոչ ոք չհամարձակվեց այդ աթոռը վերցնել, Վազգեն Մանուկյանին բերեցիք: Որովհետև չէիք ուզում այդ իշխանությունը վերցնել:

2020-ից հետո իշխանությունը փողոցում գցած էր: Դուք չվերցրեցիք այդ իշխանությունը, որովհետև պետք չէր՝ պատասխանատվություն էր: Հետո էլ չուզեցիք վերցնել: Դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն, որպեսզի իշխանություն չվերցնեք: Բա պատասխանատվություն է, հետո ի՞նչ եք անելու: Դուք իշխանություն չեք ուզում վերցնել նաև հիմա: Ձեր նպատակը հաջորդ Ազգային ժողովում հայտնվելն է»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Նա մեղադրել է ընդդիմադիր ուժերին՝ քաղաքական փակուղու առաջ կանգնելու համար:

Դաշնակցության մասին խոսելիս Սիմոնյանը նշել է, որ կուսակցության հայաստանյան կառույցի գործողություններն այնքան են վնասել կուսակցության հեղինակությանը, որքան ոչ ոք նախկինում:

«Դուք հայտնվել եք Ազգային ժողովում պատերազմից հետո՝ «Հայաստան» դաշինքի ֆորմատով, Ռոբերտ Քոչարյանի տրամաբանության մեջ»,- նկատել է Սիմոնյանը՝ հավելելով, թե Դաշնակցությունը կարող է հաջորդ խորհրդարանում սակավաթիվ ներկայություն ունենալ:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ–ում ընդդիմադիր մեդիաներին մեղադրել է ատելության խոսք գեներացնելու մեջ։

«Ատելության խոսքի գեներացիան ընդդիմադիր լրատվականներով մաքսիմումի վրա է: Նմանատիպ մակարդակ, ենթադրում եմ, եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ, երբ դաշնակցական ու մերձդաշնակցական մամուլը ամեն կերպ ցեխոտում ու ատելություն էր տարածում Վազգեն Սարգսյանի, ինչու չէ, տեղ-տեղ նաև Կարեն Դեմիրճյանի նկատմամբ»,- հայտարարել է նա։