21 ապրիլի 2025 - 13:57 AMT
Մանուկյանը` Ալեքսանյանին․ Ո՞վ էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում՝ «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ազգային ժողովում արձագանքել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի պնդումներին, ըստ որոնց՝ ժամանակին Վազգեն Սարգսյանի դեմ արշավ է իրականացրել դաշնակցական մամուլը։

Մանուկյանն իր ելույթի ընթացքում ընդգծել է, որ դժվարությամբ է հանդուրժում այն ելույթները, որոնք արվում են մարդկանց կողմից, ովքեր չեն ապրել տվյալ ժամանակահատվածը։ Նրա խոսքով՝ ինքն այդ ամենը զգացել և ապրել է, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հոկտեմբերի 27»-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում»,–հարցրել է նա։ ՔՊ-ական պատգամավորի պնդմանը, թե դաշնակցականներն են իրականացրել այդ արշավը, Մանուկյանը արձագանքել է կտրուկ. «Գլուխդ պատով տվեցիր»։

««Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան․․․։ Տիգրան Հակոբյանը գոնե ներկա է»,–ասել է նա։

Շարունակելով իր ելույթը՝ Մանուկյանը դիմել է Տիգրան Հակոբյանին, ինչպես նաև այն սերնդակիցներին, որոնք իր ձևակերպմամբ՝ «կորցրել են 30 տարին»։ Նրա խոսքերով, իր ելույթը ուղղված է բոլոր նրանց, ովքեր դեռ պատրաստ են պաշտպանել պետականության կարևորագույն հիմնասյուները՝ պատմությունը, արժանապատվությունն ու հիշողությունը.։

«Ելույթս ուղեցույց է բոլոր նրանց, ովքեր դեռ պատրաստ են ամուր պահել պետականության հենասյուները՝ պատմություն, արժանապատվություն, հիշողություն։ Այն հակափաստարկ է բոլոր նրանց, ովքեր ուզում են հայ ժողովրդի հիշողությունը կեղծել, ջնջել, Խոսքս հանուն պետության և Հայրենիքի է՝ հակափաստարկելով փաշինյանական այն թեզերին, որոնք մեր ազգային գոյությունը և հենց պետականությունն են վտանգում։ Միակողմանի ապազգային տրամաբանության հակադրումը՝ պետությունը, հիշողությունը՝ ուժեղ ու կենդանի Հայրենիք հայեցակարգն է»,- նշել է Մանուկյանը։

Նա անդրադարձել է նաև ներկայիս իշխանությունների հիմնական թեզերին՝ հիշեցնելով Արագած-Արարատ, Հայրենիք-Պետություն բաժանումները և Հայոց ցեղասպանության վերաբերյալ անցկացվող աղճատված քննարկումներն ուղղակիորեն բխել են թուրքական ու ադրբեջանական ճնշումներից ու պահանջներից։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ–ում ընդդիմադիր մեդիաներին մեղադրել է ատելության խոսք գեներացնելու մեջ։

«Ատելության խոսքի գեներացիան ընդդիմադիր լրատվականներով մաքսիմումի վրա է: Նմանատիպ մակարդակ, ենթադրում եմ, եղել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ, երբ դաշնակցական ու մերձդաշնակցական մամուլը ամեն կերպ ցեխոտում ու ատելություն էր տարածում Վազգեն Սարգսյանի, ինչու չէ, տեղ-տեղ նաև Կարեն Դեմիրճյանի նկատմամբ»,- հայտարարել է նա։