2025 թվականի ապրիլի 12-ին և 13-ին ՀՀ նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզում՝ կենտրոնանալով Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերի ու այլ սահմանամերձ բնակավայրերի վրա։ Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ենթակա կոնկրետ դիմումներ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ վերջին շրջանում` ամեն գիշեր, որպես կանոն, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 6:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ: Ըստ նրա՝ փաստահավաք այցից անմիջապես առաջ արձանագրված կրակոցների հետևանքով Խնածախ գյուղում վնասվել են մի բնակչի տան տանիքին տեղադրված արևային ջեռուցման վահանակները։
«Ինչպես նախկինում, այս անգամ ևս հաստատվել է, որ Տեղ, Խնածախ, Խոզնավար, Արավուս, Ներքին Հանդ, Ճակատեն և այլ գյուղերի բնակիչները զրկված են արոտավայրերից, վարելահողերից, խոտհարքներից, բերքատու այգիներից, քանի որ դրանց մեծ մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո։ Գրեթե վերացել կամ խիստ նվազել է անասնապահությունը և խոզաբուծությունը, իսկ նախկինում եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող այգիները դարձել են թե՛ անհասանելի, թե՛ մարդկանց կյանքի համար վտանգավոր (օրինակ` Տեղ, Արավուս, Ներքին Հանդ և այլն)»,–ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ ահագնացող է Ներքին Հանդում ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրի և հարակից տարածքների ականապատման խնդիրը:
«Բանն այն է, որ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական զինված ուժերի տեղակայումներով: Փաստացի ադրբեջանական դիրքերի մեծ մասը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ տեղադրված և տեղադրվող ականները չափազանց մոտ են Ներքին Հանդի քաղաքացիական տներին. հեռավորությունը նույնիսկ քիչ է մի քանի հարյուր մետրից:
Այսինքն` կատարյալ սխալ է ադրբեջանական կրակոցներն արդարացնելը քաղաքական նկատառումներով` նշելով, թե իբր դրանք թիրախային չեն:
Ադրբեջանական զինված ուժերը ականապատել են իրենց դիրքերի հարակից տարածքները՝ վտանգելով բնակիչների կյանքը և անվտանգությունը, նրանց գյուղացիական տնտեսությունները: Բնակիչների այգիները, որոնք շատ դեպքերում եկամտի միակ աղբյուրն էին, գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ դրանց մեծ մասը ականապատված է։ Տեղադրված են ինչպես TM-57 հակատանկային, այնպես էլ և O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ Օրինակ` ադրբեջանական մեկ դիրքի օրինակով պարզել էինք, որ ականները տեղադրված են նրանց դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակայինները՝ 10- 30 մ վրա»,–գրել է Թաթոյանը։
Փաստահավաք թիմը տեղեկացել է, որ, օրինակ, այցից մի քանի օր առաջ ականի պայթյունից սատկել են բնակիչների գյուղատնտեսական կենդանիները:
«Չի կարելի թույլ տալ, որ այս փաստերը անտեսվեն, առանց այս իրավունքների խախտումները վերացնելով է հնարավոր վերականգնել մարդկանց անվտանգ ու բնականոն կյանքը»,–գրել է նա։
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան: