Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի երկարությամբ ձգվող հուշապատի վրա որոշվել է ավելացնել Ռաֆայել Լեմկինի և Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի անունները, որոնք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության օրերին իրենց ավանդն են ունեցել հայ ժողովրդի պաշտպանության հարցում։ Այդ մասին ասուլիսում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
100 մետր երկարությամբ ձգվող բազալտե հուշապատ վրա փորագրված են Օսմանյան կայսրության հայաշատ ավելի քան հինգ տասնյակ մեծ ու փոքր քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունները։ 1996 թվականից հուշապատի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:
«Հունիսի 24-ին պատի այդ հատվածում կամփոփվի «ցեղասպանություն» տերմինի հեղինակ Ռաֆայել Լեմկինի գերեզմանից վերցված հողով սափորը։ Նախատեսվում է այնտեղ հավերժացնել նաև Արևելքում ֆրանսիական ռազմածովային ուժերի երրորդ նավատորմի փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի անունը։ Նա ապօրինի հրաման է արձակել Մուսա լեռից ավելի քան 4 հազար հայ տղամարդկանց, կանանց և երեխաների տարհանման մասին, այլապես նրանք կմահանային», – ասել է Գզոյանը։
Նույն պատի վրա փորագրված են նաև այնպիսի դեմքերի անուններ, ինչպիսիք են Անատոլ Ֆրանսը՝ ֆրանսիացի գրող ու Նոբելյան մրցանակակիր, Արմին Վեգները՝ գերմանացի բանաստեղծ և հրապարակախոս, Յոհաննես Լեփսիուսը՝ գերմանացի արևելագետ, հասարակական գործիչ և աստվածաբանության դոկտոր, Ֆրիտյոֆ Նանսենը՝ նորվեգացի բևեռախույզ, դիվանագետ և փախստականների հարցերով հանձնակատար Ազգերի լիգայում, Մարիա Յակոբսենը՝ դանիացի միսիոներ և բժիշկ, որը մեծ ներդրում է ունեցել հայկական մանկատներում։