Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի առանձնահատուկ ցուցադրություն, որտեղ անդրադարձ կլինի ականատես վավերագրողների դերին։ Այդ մասին ասուլիսում ասել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը:
Ժամանակավոր ցուցադրությունը կանցնի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով, հայտնում է Aravot.am-ը։
«Հանցագործություն բառը հատուկ ենք շեշտել՝ ցույց տալու համար, որ այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 1915-1923թթ, չնայած չկար ցեղասպանություն բառը, բայց վավերագրողների նյութերը, նրանց հստակ բառամթերքը ցույց են տալիս, որ բոլորը խոսում են մի ամբողջ ազգի բնաջնջման մասին, Հայկական հարցի վերջնական լուծման մասին, ինչը կարեւոր է ցեղասպանություն հանցագործությունը հասկանալու համար:
Իր ծավալով, խորությամբ և բնույթով ցուցադրությունը եզակի է լինելու, քանի որ նվիրված է տարելիցին, ուստի որոշեցինք, որ այն նյութը, որը պետք է ցուցադրվի, պետք է տարբերվի մնացած ցուցադրություններից: Անդրադառնալու ենք բոլոր այն մարդկանց՝ դիվանագետներ, միսիոներներ, լրագրողներ և այլն, որոնք Օսմանյան կայսրությունում էին Հայոց ցեղասպանության տարիներին ևւ ինչ-որ ձևով՝ լրագրողական հետաքննությունների, տեսանյութերի և լուսանկարների միջոցով փաստագրում էին հանցագործությունը», –ասել է նա։
Նրա խոսքով՝ ցուցադրության շրջանակում առանձնահատուկ տեղ է հատկացվել նաև Օսմանյան կայսրությանը, քանի որ, ինչպես նշել է Գզոյանը, այդտեղ ևս եղել են մարդիկ, որոնք փաստագրել են տեղի ունեցող իրադարձությունները։ Նա շեշտել է նաև, որ ցուցադրության ընթացքում անդրադարձ է կատարվել Կոստանդնուպոլսյան դատավարություններին:
«Այդպիսով ցույց ենք տալիս, որ Օսմանյան կառավարությունը առաջին պետությունն էր, որն իրավական դատական պրոցեսների միջոցով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Խոսել ենք այն հանձնաժողովների մասին, որոնք ստեղծվել էին հավաքագրելու ամբողջ նյութը, որոնք հիմք հանդիսացան այդ դատական պրոցեսների համար, նաեւ թուրքական մամուլից ենք ցույց տալու տեղեկություններ, որոնցով փաստագրվում եւ վավերացվում էր Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա։