Ապրիլի 23-ին Օմանում նշանակվել է ԱՄՆ-ի և Իրանի դիվանագիտական ներկայացուցիչների տեխնիկական հանդիպում։ Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ- Աբադին հայտնել է, որ այդ օրը երկու պետությունների փորձագետները կքննարկեն առաջիկա խորհրդակցությունների մանրամասները։ Նա հավելել է, որ հանդիպմանը կմասնակցեն միջնորդներ։
«Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչները ապրիլի 23-ին փորձագիտական մակարդակով հանդիպում կունենան՝ հետագա խորհրդակցությունների մանրամասները քննարկելու համար»,–նշել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ–Աբադին, գրում է «Վեստի Կավկազան»։
Նշվում է, որ հանդիպման հիմնական նպատակը բանակցությունների անցկացման ընդհանուր սկզբունքների համաձայնեցումն է։
Ապրիլի 19–ին Հռոմում կայացել է իրանական միջուկային հարցով բանակցությունների երկրորդ փուլը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, Վաշինգտոնը գոհ է խորհրդակցությունների ընթացքում գրանցված առաջընթացից։