21 ապրիլի 2025 - 18:15 AMT
ԵՄ դեսպանն ու Շիրակի մարզպետը խոսել են գործակցության և նոր նախաձեռնությունների հնարավորությունից

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին Հայաստանում՝ դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Շիրակի մարզի առանձնահատկությունները՝ ընդգծելով դեսպանի այցի կարևորությունը։

«Ուրախ եմ փաստել, որ Եվրոպական միության կողմից մարզում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, դրանց մի մասն էլ, տեղյակ եմ, այժմ ընթացքի մեջ են։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում աջակցել ու անել հնարավորը մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների օր առաջ իրականացման համար»,–ասել է մարզպետը։

Վասիլիս Մարագոսը վստահություն է հայտնել, որ այս փուլում համագործակցությունը կարող է առավել արդյունավետ ստացվել։

«Մեր ծրագրերը շուտով նոր օրակարգով կիրականացվեն՝ Կառավարության հետ համագործակցությամբ և հավատացած եմ, որ Շիրակում ևս կշարունակենք արդեն մեկնակած ծրագրերն ու նորերի մասին առիթ կունենանք խոսելու»,–ասել է նա։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացրել։ Առուշանյանը նշել է, որ Շիրակը զգալի պոտենցիալ ունի տուրիզմի զարգացման համար՝ ընդգծելով ենթակառուցվածքների առկայությունը, «Հյուսիս-հարավ» ճանապարհային ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգված մայրուղին և ընթացիկ նախագծերի կարևորությունը։ Նա առանձնակի կարևորել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսությունը։

Քննարկման օրակարգում եղել են նաև Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները, որոնք նախատեսված են մայիսի 6-ին Գյումրիում։ Վասիլիս Մարագոսը հրավիրել է Դավիթ Առուշանյանին մասնակցել այդ տոնական միջոցառումներին։

Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։