Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը դժգոհություն է հայտնել ներկայիս տնօրենի՝ Էդիտա Գզոյանի գործունեությունից՝ ընդգծելով մամուլի ասուլիսի կազմակերպման անսովոր ձևաչափը։
«Ես ուղղակի ապշած եմ, և դա երևի ամենամեղմ գնահատականն է, թե ինչու պետք է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նման ստերիլ մամուլի ասուլիս կազմակերպի, այն էլ ուրիշ տեղ, եթե միշտ հարթակը եղել է թանգարանում: Ես հասկանում եմ, որ և Էդիտա Գզոյանը, և Հարություն Մարությանը սարսափում են լրագրողների հարցերից»,- նշել է նա, գրում է Aravot.am-ը։
Նա նշել է, որ կան հիմնավոր կասկածներ, որ թանգարանում շինարարական աշխատանքները կարող են օգտագործվել որպես պատրվակ՝ թանգարանի գործունեությունը կասեցնելու և միջազգային արարողակարգային այցերը թիրախավորելու նպատակով։
«Մտավախություն կա, որ թանգարանի շինարարական աշխատանքները կձգձգեն որոշակի քաղաքական շրջանակների ազդակներ ուղարկելու, հաճոյանալու, և հետագայում ծածկադմփոցի տակ պետական արարողակարգային այցերից հանելու նպատակով։ Էդիտա Գզոյանը չփարատեց այն մտավախությունները, որ թանգարանի աշխատանքները կարող են սառեցվել, կասեցվել, շինարարական աշխատանքների պատրվակով»,–ասել է նա։
Դեմոյանը մատնանշել է, որ ասուլիսը տեղի է ունեցել խորհրդանշական օրը, սակայն դրանում բացակայել է հիշատակում այն մասին, որ այդ նույն օրը բացվել է թանգարանի մշտական ցուցադրությունը, որը գործում է արդեն տասը տարի և ընդգրկել է միլիոնավոր այցելուներ։ Նա նշել է, որ հենց այդ ցուցադրության շուրջ ձևավորված գործընթացի միջոցով են Գզոյանն ու Մարությանը ստանձնել տնօրենի պաշտոնը։ Դեմոյանը նաև ընդգծել է ցուցադրության իր և իր կնոջ անձնական մասնակցությունը՝ որպես հեղինակ և դիզայներ, նշելով, որ իրենց աշխատանքը եղել է անհատույց, իսկ ծրագրի շրջանակում կատարվել են կասկածելի ֆինանսական գործողություններ։
Նա հավելել է, որ ցուցադրության անվան տակ Հայաստան բերված ֆինանսական միջոցները օգտագործվել են ոչ թանգարանային մասնագետների ներգրավմամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Ըստ Դեմոյանի, այդ գործընթացներում ներգրավված են եղել Գզոյանը, Մարությանը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ, որոնց անունները հիշատակվել են քրեական գործերում։
«Հենց այդ ցուցադրության հետ է կապված նաև իր՝ այդտեղ հայտնվելը, այդ ցուցադրության անվան տակ փողերի լվացման գործողության արդյունքում են և ինքը, և Հարություն Մարությանը հայտնվել Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում։ ... Քրեական գործերը հիմա առկախված են, որովհետեւ իշխանության ներկայացուցիչների անունները կան հաղորդումներում»,- ասել է Դեմոյանը։
Նա նաև մեղադրանք է հնչեցրել Գզոյանի հասցեին՝ իշխանությունների ցեղասպանության ժխտողական քաղաքականության հանդեպ լռության համար։
«Այնինչ ինքը պետք է առաջինն անդրադառնար, մինչդեռ որևէ հանրային հայտարարություն չի արել... իրենց ընտրել են, որ լինեն չեզոք և հնազանդ»,–ասել է նա։
Դեմոյանը կասկածի տակ է առել նաև Մոսկվայում ցուցադրության կազմակերպման մասին Գզոյանի հայտարարությունը՝ պնդելով, որ այնտեղ թանգարանային հաստատություն գոյություն չունի։
«Էդիտա Գզոյանը չգիտի, որ կան մարդիկ, որոնք գիտեն այդ թանգարանը ստեղծելու նախապատմությունը, թե ինչ է տեղի ունեցել... Պետք չէ Հայոց ցեղասպանության թանգարան կայացած ինստիտուտի կարգավիճակը լղոզված համեմատել այլ բաների հետ»,–ասել է նա։
Դեմոյանն անդրադարձ է կատարել նաև Գզոյանի արտահայտությանը, ըստ որի գիտաշխատողները պետք է հայացքներն ուղղեն դեպի արևմուտք։ Ըստ Դեմոյանի, գիտության մեջ աշխարհագրական կողմերով առաջնորդվելը սխալ է։ Նա հավելել է, որ տարիներ շարունակ անձամբ է տրամադրել բացառիկ նյութեր թանգարանի ֆոնդերին, սակայն հաճախ առանց ստացական փաստաթղթերի։
Ի վերջո, Դեմոյանը կարևորել է, որ թանգարանում բացված իրավական բաժինը պետք է անդրադառնա ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչման իրավական հիմնավորումներին, այլ նաև թանգարանի ներքին խնդիրներին, այդ թվում՝ հնարավոր գրքերի գողությանը, կոռուպցիոն սխեմաներին և նախկին ու ներկա ղեկավարների ներգրավվածությանը։ Նա կրկին մեղադրել է Գզոյանին և Մարությանին՝ համագործակցության մեջ և թանգարանի շուրջ տեղի ունեցած կասկածելի գործընթացները թաքցնելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի առանձնահատուկ ցուցադրություն, որտեղ անդրադարձ կլինի ականատես վավերագրողների դերին։ Այդ մասին ասուլիսում ասել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը: Ժամանակավոր ցուցադրությունը կանցնի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով։
«Հանցագործություն բառը հատուկ ենք շեշտել՝ ցույց տալու համար, որ այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 1915-1923թթ, չնայած չկար ցեղասպանություն բառը, բայց վավերագրողների նյութերը, նրանց հստակ բառամթերքը ցույց են տալիս, որ բոլորը խոսում են մի ամբողջ ազգի բնաջնջման մասին, Հայկական հարցի վերջնական լուծման մասին, ինչը կարևոր է ցեղասպանություն հանցագործությունը հասկանալու համար»,–ասել է նա։