21 ապրիլի 2025 - 18:50 AMT
Արցախցի ցուցարար․ Արցախի նախագահի ընտրությունների հետ կապված մենք մեր խոսքն ասելու ենք

Արցախցի ակտիվիստ Նահապետ Սարգսյանը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք այն խումբը, որ բողոքի ակցիաներ էր անցկացրել Արցախի ներկայացուցչության մոտ, ունի նախագահի իր թեկնածուն, ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև մայիսի 21-ին կայանալիք նախագահական ընտրությունների հարցը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Մենք քննարկել ենք առաջիկա ժամանակահատվածում՝ 1.5-2 ամսվա ընթացքում կատարվելիք հարցերը, եկել ենք էն եզրահանգման, որ մենք մեր կարծիքն ուզենք-չուզենք արտահայտելու ենք։ Մենք ստեղից մեր կարծիքն արտահայտելու ենք ու կհասկանանք, թե ով՝ ով է։

Մենք դեմ ենք ընդհանրապես թեկնածությանը։ Կա Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, որը սեպտեմբերի 10-ին ձեռը դրել ա Սահմանադրության վրա ու հայտարարել է, որ տեղ է կանգնելու էս ժողովրդին։ Բայց մենք այլևս չենք գտնվում մեր երկրում, ես կարծում եմ, որ պետք է քննարկվի էդ հարցը»,–ասել է նա։

Երբ ակտիվիստին հարցրել են, թե արդյոք պետք է լուծարվեն Արցախի ինստիտուտները, նա նշել է, որ ոչ, սակայն շեշտել է՝ այդ հարցի պատասխանը կհրապարակվի մոտ 20 օրից։

«Մենք այս պահին տեսնում ենք, որ Շահրամանյանի գործունեությունը կասեցված է։ Կարա կասեցի Պուտինը, Թրամփը, Մակրոնը»,–ասել է նա։

Երբ լրագրողները նշել են, որ նշված համաշխարհային առաջնորդները նման հարցերով չեն արտահայտվել, և նշել ՀՀ վարչապետի՝ թեմային վերաբերող հայտարարությունը, Սարգսյանն արձագանքել է, որ չի բացառվում նաև վարչապետի ներգրավվածությունը։

«Վարչապետն ասում է, որ պետության մեջ պետություն չի լինելու։ Ես դա չեմ վերլուծել։ Ես սպասում եմ հետագա քննարկումներին, որ հասկանամ՝ ՀՀ կառավարությունը դե՞մ է, որ լինի, թե չէ»,-ասել է նա։

Ապրիլի 18–ին Արցախի ներկայացուցիչության առջև հավաքված արցախցիները պահանջել են նախագահ Սամվել Շահրամանյանի միջամտությունը սոցիալական խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև դատախազության ներգրավմամբ վերականգնել այն գումարները, որոնք, իրենց պնդմամբ, հափշտակվել են Արցախի 48 ընտանիքների կողմից։ Խոսքը 467 միլիոն դոլարի մասին է: Նրանք վստահեցրին, որ այդ գումարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փոխանցել Արցախին։ Ակցիայի սկզբում Սամվել Շահրամանյանից նաև պահանջեցին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը։