22 ապրիլի 2025 - 11:41 AMT
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրումը

Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը և այս տարի կգնի մոտ 28,000 տոննա խաղող` յուրաքանչյուր 1 կգ դիմաց վճարելով 140 դրամ։

Շարունակելով խաղողագործների հետ աշխատելաոճի հետևողական և ընդգրկուն մոտեցումը՝ Երևանի կոնյակի գործարանն այս տարի ևս շարունակում է խաղողագործներին խորհրդատվության, ինչպես նաև միջազգային հավաստագրերով երաշխավորված բուժանյութերի արտոնյալ պայմաններով տրամադրումը։

Խաղողի գնման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ՝ կախված եղանակային պայմաններից և խաղողի հասունության տեխնիկական պարամետրերից: Ավելին՝ խաղողի ընդունման ժամանակացույցը Երևանի կոնյակի գործարանի գյուղատնտեսները նախապես կտրամադրեն խաղողագործներին՝ ստեղծելով մատակարարման հնարավորինս հարմարավետ պայմաններ:

Մատակարարված խաղողի դիմաց վճարումները կիրականացվեն խաղողն ընդունելուց 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ գումարն ընկերության կողմից խաղողագործների համար հատուկ բացված բանկային հաշվին փոխանցման եղանակով:

«Երևանի կոնյակի գործարանի համար շատ կարևոր է խաղողագործների հետ թափանցիկ երկխոսությունը, ինչպես նաև ձևավորված աշխատելաոճն ու պատասխանատվությունը։ Ականջալուր լինելով տարիներ առաջ խաղողագործների կողմից հնչեցրած ցանկությանը՝ խաղողի գինը և քանակները հայտարարել նախապես, Երևանի կոնյակի գործարանը ձևավորել է երկուստեք հարմարավետ ձևաչափ՝ յուրաքանչյուր տարի գարնանը ներկայացնելով խաղողագործներին անհրաժեշտ տեղեկությունները, դրանք այս փուլում ամբողջացնելով պայմանագրերի կմքմամբ»,- ընդգծել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։