22 ապրիլի 2025 - 14:01 AMT
Անձը չի տուգանվի, եթե հայտարարագրում չնշի եկամտի ստացման ամսաթիվը

Հայտարարագրում որևէ դեպքում որևէ եկամուտի համար չի պահանջվում նշել որևիցե ամսաթիվ, թե երբ է այն ստացվել։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Նա պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին` եթե քաղաքացին չի հիշում նախորդ տարի ստացած փոխանցումը կամ նվիրատվությունը որ ամսի որ օրն է ստացել, այդ դեպքում նրա նկատմամբ կկիրառվի՞ վարչարարություն կամ կլինե՞ն օգնող մեխանիզմներ կամ պարզեցված ընթացակարգեր, հայտնում է Sputnik Արմենիան։

Պատգամավորը նշել է. «Այսինքն, եթե մի տեսուչ գա ու քաղաքացուն ասի, ահաբեկի, որ դու դատվելու ես, եթե հայտարարագիր չես ներկայացրել կամ տվյալ ես բաց թողել, քաղաքացին պետք իմանա, որ ամենևին նման բան չկա։ Նման շահարկումները պետք է բացառենք»։

Փոխնախարարը շեշտել է, որ այստեղ շատ կարևոր է հասկանալ՝ խոսքը վերաբերում է հարկվող, թե չհարկվող եկամուտներին։ Նրա խոսքով՝ չհարկվող եկամուտների դեպքում՝ օրինակ նվիրատվությունների, Պետական եկամուտների կոմիտեն սահմանել է մինչև 300 հազար դրամ չհարկվող շեմ, որի ներքո հայտարարագրում նշում անելն ընդհանրապես պարտադիր չէ։ Իսկ այդ շեմից բարձր եկամուտները պետք է արձանագրվեն, սակայն նույնիսկ այդ դեպքում հարկային կամ հակաիրավական հետևանքներ չեն լինի։

Պողոսյանն ընդգծել է, որ կառավարությունը վարչարարությանը մոտենում է զգուշությամբ և քաղաքացու շահերն առավելագույնս պաշտպանելու նպատակով։

Նա հավելել է, որ նույնիսկ եթե քաղաքացին բաց է թողել հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը, նրան պարզապես կտրվի նախազգուշացում՝ 30 օրվա ընթացքում լրացնելու պարտավորությամբ։ Այդ ընթացքում ՊԵԿ-ը հանդես կգա որպես աջակցող կողմ՝ կապ կհաստատի քաղաքացու հետ, կփորձի հասկանալ՝ ինչ տվյալներ են բացակայում և ինչ օգնություն է անհրաժեշտ։

Նույնիսկ եթե այդ ժամկետում էլ հայտարարագիր չներկայացվի, ապա կտրվի միայն խորհրդանշական տուգանք՝ 5000 դրամ։ Իսկ եթե այս ուշացումը շարունակվի ևս 30 օր, տուգանքը կկրկնապատկվի՝ դառնալով 10 հազար դրամ։

«Մենք խոսում ենք կառավարություն–քաղաքացի փափուկ գործընկերային հարաբերությունների մասին։ Մեր նպատակը մարդկանց պատժելը կամ հետապնդելը չէ, այլ մարդկանց ճանաչելը ու նրանց մասին արժանահավատ, ամբողջական տեղեկատվություն ունենալը»,– նշել է փոխնախարարը։

Մինչ օրս հայտարարագիր ներկայացրած քաղաքացիների թիվը կազմել է մոտ 35 հազար։

Ազգային ժողովը 60 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկված օրենսդրական նախագիծը։

Նախագծի ընդունման արդյունքում բոլոր այն քաղաքացիները, որոնք հայտարարագրեր են ներկայացնում նախորդ տարվա համար, նրանց համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը, սկզբնական ժամկետը` մարտի 1-ը:

ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։